ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբ գյուղաքաղաքի մերձակայքում՝ Չալմայի շրջանում, մայիսի 13-ին սիրիական բանակի հետ բախումների ժամանակ 19 զինյալ է սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, սպանված զինյալների թվում է Դեր Զորում հայտնի Մուհամադ Աբուդ ալ Դիլանը:
Բացի այդ, ևս 8 զինյալ` սպանվել, 11-ը վիրավորվել է Քեսաբի հարավային մուտքի մոտ սիրիական բանակի հարձակումների արդյունքում:
Նախօրեին Չալմայի շրջանում տասնյակից ավելի զինյալներ էին սպանվել, այդ թվում՝ նրանց ղեկավարը:
Քեսաբի շրջանի վրա մարտի 21-ին զինյալների հարձակումից հետո քեսաբահայերի մի մասն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների մոտ: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Մինչև այժմ Թուրքիան շարունակում է զենք մատակարարել և ֆինանսավորել զինյալներին: