panorama.am – Տիգրան Օրդեկյանը Սիրիայի Հալեպ քաղաքում ձուլագործ էր աշխատում, անձնական ձուլարան ուներ:

Հայաստան գալու որոշումն ընտանիքի հետ ընդունեցին, մնալու չէին եկել, հիմա էլ ամեն պահի սպասում են` վիճակը խաղաղվի, հետ վերադառնան. սպասումն արդեն երկու տարի է ձգվում:

«Հալեպն իմ ծննդավայրն էր, դրախտ էր: Առաջին դրախտը երկնքում է, երկրորդ դրախտը գետնի վրա է` Հալեպն է: Հիմա այնտեղ մեր ամեն ինչն է` հարազատներ, տուն, խանութ, այդքան տարվա կյանք ու աշխատանք»,- ասում է նա:

Տունը պահպանվել է, վնասված չէ, բայց խանութը թալանել են:

Ավերվել է ընտանիքի` Քեսաբի առանձնատունը, ուր ամառներն արձակուրդին գնում էին հանգստանալու: Այնտեղի բոլոր հարազատներն ու բարեկամներն էլ տարհանվել են ու հիմա Լաթաքիայում և Լիբանանում են:

«Ամբողջը քարուքանդ արեցին: Հիմա հարցը մութ է, մեկը չկա, որ հետը խոսենք, զորքն է այնտեղ տիրողը: Բայց վերջում անշուշտ հայտնի կլինի»,- հույս է հայտնում նա:

Հայաստանում Տիգրան Օրդեկյանն աշխատանք չունի, ասում է` նաև օգնություն չեն ստացել: Այստեղ ապրում են Սիրիայում ամբողջ կյանքի ընթացքում վաստական գումարով:

«Հայաստանը մեզ համար անգործության տեղ է, գործ չկա: Գործի ասպարեզ չկա»,- ասում է նա:

Հարցին` միա՞յն Երևանում եք փնտրել աշխատանք, փորձե՞լ եք դիմել որևէ կառույցի, որ աջակցեն, հալեպահայը պատասխանում է. «Ինչպե՞ս դիմենք, երբ տեղացին էլ դժգոհ է»:

Հայաստանի կյանքին ավելի շուտ երեխաներն են հարմարվել, բայց Հալեպը շատ են կարոտում: Հոր խոսքով, այնտեղի նման չէ Երևանում:

«Սկզբում սիրիահայ երեխաների համար բացված դպրոց էին հաճախում, հիմա սովորական դպրոցում են սովորում, հարմարվում են կամացից»,- հավելում է նա:

Հայաստանում կյանքը շարունակելու ցանկություն Տիգրան Օրդեկյանը չունի, անընդհատ վերադարձի մասին է մտածում. «Եթե հանդարտվի, անշուշտ պիտի գնանք: Իմ հարազատներս, ընկերներս այնտեղ են: Հիմա քաղաքի վիճակը նորմալ է, բայց պիտի բարելավվի: Պատերազմ է, ռմբակոծություններ էլ պիտի լինեն, տուժողներ էլ: Շրջան է, կավարտվի, բայց, թե երբ, չգիտենք»:

Հալեպի հետ կապ պարբերաբար հաստատում է: Քաղաքում իրավիճակը վատանում է, տեղեր կան, որ քանդվել են, ավերվել:

Բայց սիրիահայը լիահույս է, որ պատերազմի ավարտից հետո կվերականգնվի ամեն բան. «Ժամանակի կարոտ է, պիտի լավ լինի, ամեն բան վերականգնվի: Ամեն ինչ վերջ ունի, անշուշտ: Հուսանք ու Աստծուց խնդրենք, որ վերջը շուտ լինի»: