panorama.am – Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքը երեկ կեսօրից հետո և գիշերը լուրջ բախումների և հրթիռակոծությունների թիրախ է դարձել, տեղեկացնում են Tert.am-ի Հալեպի աղբյուրները։

Հալեպի կենտրոնական փոստի մոտ ականանետների հարվածից բազմաթիվ մարդիկ են զոհվել և վիրավորվել։

Երեկոյան իրավիճակը լարվել է հայաբնակ Նոր գյուղում։ Հարակից շրջաններում կառավարական զորքերի, զինյալ ապստամբների և ահաբեկիչների միջև բախումները շարունակվում են։

Մեր աղբյուրների հավաստմամբ՝ հրասանդի արկեր կամ ինքնաշեն հրթիռներ են ընկել նաև Հալեպի Սուրբ Երրորդություն (Զվարթնոց) հայկական եկեղեցու մերձակայքում։

Հալեպում մոտ 10 օր շարունակվող ջրի հարցը երեկ մասամբ կարգավորվել է։ Նոր գյուղում բնակվող սիրիահայերը տեղեկացրեցին, որ գիշերը ջրամատակարարումը մասամբ վերականգնվել է։ Այլ շրջաններում, սակայն, այս առումով որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

Օրեր շարունակ ջրի բացակայության, կեղտոտ ջուր օգտագործելու հետևանքով արդեն հիվանդությունների բազմաթիվ դեպքեր են գրանցվել։

Թեև հայկական դպրոցների, եկեղեցիների, մզկիթների բակերում փորված հորերից հնարավոր է լինում ջուր հանել, սակայն այն խմելու համար պիտանի չէ և օգտագործվում է բացառապես կենցաղային նպատակներով։

Հալեպում ջրի բացակայության համար տարբեր պատճառներ են բերվում, սակայն ամենահավանականն այն է, որ «Ալ Կաիդայի» հետ կապերով հայտնի «Ալ Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումը գրավել է ջրամատակարարման կենտրոնն ու փակել է այն՝ մի քանի միլիոն մարդու թողնելով առանց ջրի։

Երկու օր առաջ տեղեկություն տարածվեց, թե Հալեպի իշխանություններին հաջողվել է համաձայնության գալ ջրամատակարարման վերականգնման հարցում, սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։