
Ժիրայր Րէիսեան
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասը ապրիլի 14-ի վաղ առավոտվանից հրասանդների և հրաձգության թիրախ է դարձել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը՝ ավելացնելով, որ լարված իրավիճակը թաղամասում շարունակվում է, սակայն այս պահին ռումբերի պայթյունների պատճառած վնասների մասին տեղեկություններ չկան: «Ստեղծված լարված իրավիճակն անմիջապես իր ազդեցությունն է թողել շուկայի մթերքների վրա, որոնց գները բարձրացել են»,- նշեց Ռեիսյանը՝ միաժամանակ շեշտելով, որ կրկին հացի հերթեր են սկսել գոյանալ փռերի առջև, որոշ բենզալցակայաններ փակվել են, իսկ որոշների առջև մեքենաների հերթեր են գոյացել:
Նախորդ օրվա վերաբերյալ Ռեիսյանը նշեց, որ համեմատաբար ավելի հանդարտ էր, միջադեպեր չեն գրանցվել: Խանասերի ճանապարհը, որ թեպետ այժմ բանակի հսկողության տակ է, այնուամենայնիվ, դեռ վտանգավոր է և զգուշանալ է պետք:
Մամուլի քարտուղարը նաև նշեց, որ Հալեպի մուտքի մոտ գտնվող Զարհրա շրջանը արդեն մեկ շաբաթից ավելի է բուռն բախումային շրջան է դարձել:
Ավելի վաղ` ապրիլի 12-ին, 40-ից ավելի հրասանդներ էին ընկել Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում, ինչի հետևանքով 2 հայ էին զոհվել և վիրավորվել ևս 6-ը:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը:
Զոհված հայերի թիվը գերազանցել է 80-ը: