ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 21-ին Սիրիայի հայաշատ Քեսաբ ավանի վրա կառավարական ուժերի դեմ կռվող իսլամիստ ահաբեկիչ գրոհայինների հարձակումների պատճառով բնակիչների տարբեր վայրեր փախչելուց հետո, ավանում բնակվող 9 հայերի մասին տեղեկություններ չկան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է «Ակոս» թերթը` նշելով, որ Պոլսո հայոց պատրիարքարանը նրանց գտնելու համար խնդրանքով դիմել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը:

Քեսաբից Լաթաքիա փախած հայերը հայտնել էին, որ ավանում 42 բնակջչներ են մնացել: Նրանցից 21-ն արդեն գտնվում են Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղում, սակայն, 9 հոգու մասին տեղեկություններ չկան:

Պոլոս հայոց պատրիարքարանը կազմել է 9 անձանց ցուցակը` նշելով նրանց տվյալները եւ նրանց գտնելու համար օգնություն խնդրել Թուրքիայի արտգործնախարարությունից: