panorama.am – Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը ճանաչողական շրջայցեր է կազմակերպում սիրիահայ աշակերտների համար։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Սիրիահայ հազարավոր ընտանիքներ հաստատվել են հայրենիքում, և մեր խնդիրն է, նրանց հյուրընկալելուց բացի, նաև ինտեգրել հասարակությանը։ Այդպիսով, բազմաթիվ են նաև դպրոցահասակներին ուղղված նման նախաձեռնությունները։ Երևանաբնակ սիրիահայ երեխաները, որոնց թվում նաև արաբախոս 7 աշակերտները, տարեսկզբից մասնակցում են կրթամշակութային տարբեր միջոցառումների, ինչպես օրինակ Թումանյանական ամսվան, այս օրերին նաև Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, ընդ որում՝ մասնակցում են ոչ միայն որպես ունկնդիրներ, այլ նաև ներգրավվում են ներկայացումներում և այլն»,- ասել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Նա նշել է, որ նման նախաձեռնություններ Երևանի քաղաքապետարանը ծրագրել է իրականացնել ողջ տարվա ընթացքում:

Ըստ աղբյուրի, Երևանի հիմնական դպրոցներում սովորող շուրջ 500 սիրիահայ աշակերտներ պարբերաբար այցելում են թանգարաններ, թատրոններ, մշակութային այլ հաստատություններ, ինչպես նաև տարբեր դպրոցներ, որտեղ ծանոթանում են հասակակից երևանցիների հետ՝ ընդլայնելով իրենց շրջապատը։