Մարտի 21-ի հարձակումից հետո Քեսաբում մնացած հայերի մոտ զենքեր փնտրելու ժամանակ սպանվել է Գեւորգ Ջուրյանը` Բաբկեն եւ Նվարդ Ջուրյանների որդին: Ինչպես տեղեկացնում է civilnet.am -ը, մեկ այլ վարկածի համաձայն, սպանությունը կատարվել է Քեսաբում, երբ հիմնականում տարեցներից բաղկացած խումբը տարհանվում էր դեպի Թուրքիայի Վաքըֆ գյուղ:

Քեսաբի վրա հարձակվելու հետեւանքով ավելի քան 600 հայ ընտանիք տեղահանվել է: Բոլորն այժմ գտնվում են ապահով վայրերում, սակայն 10 մարդ դեռեւս կորածների ցանկում է: 23-ամյա Գեւորգ Ջուրյանը նրանցից մեկն էր:

“Սիվիլնեթ” գործակալությունը նաեւ հայտնում է, որ նրա ծնողները, հորեղբայրները եւ տատը 21 հոգուց բաղկացած խմբի հետ տեղափոխվել են Վաքըֆ գյուղ:

Վաքըֆի համայնքի ներկայացուցիչները դիմել են Թուրքիայի իշխանություններին, որ վերջիններս աշխատանքներ ձեռնարկեն հայտնաբերելու եւ ազատելու այն հայերին, որոնք հավանաբար գտնվում են նույն սիրիական զինյալ ընդդիմադիր խմբերի մոտ: