panorama.am – Սիրիայի Քեսաբ ավանի տարեց հայերը, ընդդիմադիրների կողմից Թուրքիա բերվելով, տգեղ շոուի մասնակիցներ դարձան։ Թուրքական թերթերը զարդարեցին «Թուրքիան գրկաբաց ընդունեց հայերին» վերնագրերը։ Վաքըֆլը գյուղ այցելած «Ակօս» թերթի հոդվածագիր Կարին Քարաքաշլըն հանդիպել է Քեսաբից Թուրքիա բերված սիրիահայերի հետ և գրել է իրական պատմությունը։ Հոդվածագրի արձանագրած պատմությունները կներկայացնենք մաս-մաս։
Մաս 1
«Նախ զենքի ձայն, հետո աղաղակներ ու երկնքում թռչելով հեռացող թռչունների երամ… Քեսաբ ասելիս առաջինն այդ պատկերն է աչքիս առաջ գալիս։
Հայերն ու Քեսաբը հազարամյակների համատեղ պատմությունից հետո բաժանվեցին։ Սիրիայում պատերազմի ընթացքում անգամ դրախտ հիշեցնող և Հալեպի և այլ քաղաքների ռումբերի տեղումներից փախչողների ապաստան Քեսաբն այժմ ուրվական քաղաք է։ Մինչև վերջին պահը հայաբնակ ավանում մնացած մոտ 40 տարեց հայերի կեսն այժմ Վաքըֆլը գյուղում է։
Ասում են՝ պատմության քմահաճույքով այսպես էինք հանդիպելու։ Այս երկու գյուղը նույն պատմության և նույն աշխարհագրության շարունակությունն են։ Հայերենի նույն բարբառով են խոսում, հասկանում իրար։ Մեծ քաղաքների երազանքը՝ նարնջի և կիտրոնի այգիներով Վաքըֆլը գյուղը, ապաստան է դարձել։
Ուղեղումս 21 տարբեր պատմություններ են։ Մեծ քաղաքականության և փոքր ինտրիգների զոհ են այս մարդկանցից յուրաքանչյուրը։
Նրանց խոսափող չեմ պարզելու։ Փորձում եմ նստել նրանց մոտ, լսել, հասկանալ, հասկացնել եմ ցանկանում։ Երբ նրանք խոսում են, ակնհայտ է դառնում Թուրքիայի բացահայտ դերն ընդդիմադիրների՝ «հայերին վնաս չենք տվել» տեսարանում։
Փախչել կարողացողները փախել են, իսկ մնացողներին տեղափոխել են մի ագարակ, որտեղից էլ դեպի սահման և Վաքըֆլը գյուղ են քարշ տվել։ Քեսաբահայերը պատմել են Ագարակում ամեն վայրկյան մահվան սպասելու երկու շաբաթների ընթացքի, վերջ չունեցող ճանապարհի, նախկին կյանքի մանրամասների մասին։
Երեք եղբայրներ են Հակոբ, Ասպետ, Բաբկեն Ջուրյանները։
Եղբայրների կանաչաչյա մորը՝ Գարունին, հանդիպում եմ կացարանում։ Ծնունդով Քեսաբից եղբայրները որոշ ժամանակ Լիբանանում են ապրել, սակայն պատերազմի պատճառով լքել են այն։ Քեսաբում հողագործությամբ են զբաղվել։ Պարոն Հակոբը պատմում է. «Մեր տունը, հողը թողեցինք։ Ես 75 տարեկան եմ, այս տարիքից հետո մուրացկա՞ն եմ դառնալու։ Այստեղ, փա՛ռք Աստծո, մեզնով զբաղվում են, բայց մենք սովոր չենք, որ մեզ կերակրեն։ Մենք աշխատել ենք ուզում»։
Ասպետ Ջուրյանը շարունակում է. «Երեք տարի է հարձակման մասին խոսակցություններ կային։ Վերջին շաբաթվա ընթացքում Facebook-ում լուրեր են եղել, որ գրավելու են այն։ 15 օր առաջ երեկոյան ռմբակոծությունն սկսվեց։ Ուրբաթ օրը սաստկացավ, և մեքենա ունեցողները փախան։ Թե ինչ տեղի ունեցավ հետո, չհասկացանք, հրթիռները տներին էին հասնում։ Հեռախոսն ու ինտերնետն անջատվեցին։ Կիրակի առավոտյան դուռը բախեցին։ Բոլորը երկար մորուքներ ունեին։ Դուռը կոտրելով՝ պահանջեցին ձեռքերը վեր բարձրացնել։ Մեզ խմբերով հավաքեցին այնտեղ։ Ես վիրահատված էի, և խնդրեցի թույլ տան տուն գնամ և դեղս բերեմ։ Ուրիշ ոչինչ վերցնել չկարողացանք։ Տունը տակնուվրա էին արել, դուռը կոտրել ու ներս էին մտել մոտոցիկլետով, բենզին էր հոսել գետնին։ Դուռ-պատուհանները կոտրված էին։ Դրանից հետո այլևս տունը չտեսանք»։
Հետո բոլոր քեսաբցիներին տարել են Հալեպի ճանապարհին Դամա բնակավայրում գտնվող մի ագարակ, որն ամբողջությամբ դատարկ է եղել։ Այնտեղ նրանց ծածկոցներ են տվել, կերակրել են և պահել 15 օր։ Այդ ընթացքում իսլամ ընդունելու բազմաթիվ կոչ-հորդորներ են հնչել։ Նախ խոստացել են, որ բոլորին Քեսաբ՝ իրենց տները կուղարկեն։ Հետո հանել են ագարակից, տարել են Կաթոլիկների եկեղեցի, նկարահանել։
Հետո ոչինչ թույլ չեն տվել վերցնել, անձնագրերը բռնագրավել են, և նրանց տարել են Թուրքիա։
Բաբկեն Ջուրյանի լիբանանահայ կինը՝ Նվարդը, մտահոգ է։ 23 ամյա որդուն՝ Գևորգին, զինյալները տարել են, և ոչ մի տեղեկություն չունի։
Եսայի Այնթաբլյանը քրոջ՝ Սիլվայի, կնոջ՝ Հասմիկի և 35-ամյա դստեր՝ Անի Այնթաբլյանի հետ է Վաքըֆլը եկել։ «Սիրիայում խնձորի այգիներ ունեմ։ Կնոջս հետ 11 խնձորենի տնկելով սկսեցինք, 2 գեղեցիկ այգի ստեղծեցինք»,-ասում է հպարտությամբ։
«Երբ պայթյունները տեղի ունեցան, մեր ոչխարները լեռան վրա արածում էին։ Ավելի վաղ ինքնաթիռի խփվելը տեսանք։ Հետո «Ալլահ ու աքբար» վանկարկումները լսեցինք, և զինյալները մտան։ Բղավեցին, որ աղջիկս ծածկի գլուխը։ Հարցրին՝ զենք ունե՞նք։ Բջջայինները հավաքեցին, և մեզ այդ ագարակը տարան։ «Մի՛ վախեցեք, մենք հայերի դեմ ոչինչ չունենք։ Մեր կռիվն ալևիների հետ է։ Եթե անգամ հայրս ալևի լինի, կսպանեմ»՝ ասում էին։ Վերադարձի ճանապարհին մեզ Կաթոլիկների եկեղեցին մտցրին։ «Կտեսնեք, մաքրել ենք եկեղեցին։ Միայն խաչն ենք իջեցրել»՝ ասացին։ Հարցրի՝ ինչու, կեղտո՞տ էր եկեղեցին։ Պատասխան չտվին։ Եկեղեցում մենք «Տեր ողորմեա՜» էինք աղոթում, իսկ հեռուստաընկերությունները նկարահանում էին։ Հետո մեզ բերեցին Թուրքիա»,-պատմում է Եսայի Այնթաբլյանը։
Տնից դուրս չեկող Անահիտ Ահարոնյանի և Ներսես Թանգուկյանի մոտ եմ գնում։ Տարեց մի կին էլ է պառկած։ Թե ինչպես են այս տարեց մարդիկ մնացել այդ ագարակում, առանձին թեմա է։ Տիկին Անահիտը ցույց է տալիս պարոն Ներսեսի ոտքերը։
«Լավ կամ վատ քայլում էր ձեռնափայտով։ Օրեր շարունակ աթոռին նստելով և բետոնե հատակին քնելուց տես՝ ինչպես են ուռել ոտքերը։ Խնդրեցինք, որ սպանեն մեզ, ասացին՝ չեն անի։ Մեզ գրկելով զոռով մեքենաները նստեցրին»,-պատմում է նա»։