tert.am – Թուրքիայում հաստատված 25 քեսաբահայերին օգնելու համար Վաքըֆլը գյուղի անունից հաշվեհամար է բացվել, տեղեկացնում է «Նոր զարթօնք» թերթը։

«Քեսաբահայերի՝ Վաքըֆլըում հաստատվելու մասին լուրերը լսած մեր բարեկամները զանգահարում են ու հարցնում, թե ինչով կարող են օգտակար լինել։ Գյուղ եկող կամավորներ կան, ովքեր իրենց ծառայությունն են առաջարկում, սակայն դրա անհրաժեշտությունն առայժմ չկա։ Մեր հյուրերի կարիքները բազմաբնույթ են, նրանցից յուրաքանչյուրի հոգսը տարբեր է, և դրանցով առանձին-առանձին զբաղվել է պետք»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ մոտ ժամանակներում կարող է ևս մի խումբ ժամանել։
«Դա իրավիճակն ավելի կդժվարացնի, սակայն մենք պատրաստվում ենք դրան։ Բոլոր հարցնողներին, թե ինչպես կարող են օգնել, պատասխանում ենք՝ «կանխիկ գումարի միջոցով»»,-ասված է հայտարարության մեջ։

Հյուրերի առօրյա ծախսերը հոգալը գուցե շատ մեծ թվեր չի կազմում, սակայն որոշ բաների համար գումար է հարկավոր։
«Շատ չմանրամասնելով՝ ցանկանում ենք մի օրինակ բերել։ Մեծ խմբից առաջ գյուղ բերված երկու տարեց քույրերը Բեյրութում ազգականներ ունեն և ցանկանում են մեկնել։ Այդ երկու հյուրերն իրենց ազգականների մոտ կարող են հասնել ինքնաթիռով, իսկ թե որքան կկազմի Հաթայ-Ստամբուլ-Բեյրութ ինքնաթիռի տոմսը, դժվար չէ կռահել»,- նշվում է հայտարարության մեջ։

Ցանկացողները կարող են ֆինանսական օգնություն տրամադրել հետևյալ հաշվեհամարների միջոցով՝
Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնադրամ
Զիրաաթ բանկ- Սամանդաղի մասնաճյուղ
Հաշվեհամար No: 33222327-5001
Iban: TR83 0001 0004 4633 22232750 01

Դրամահավաքի կազմակերպիչների կարծիքով՝ նվիրատվության չափը կարևոր չէ։ Նրանք կարևորում են միասնաբար պայքարելու ոգին։