gala tv – Այսօր արդեն 24 –րդ օրն է, որ Քեսապից գաղթած մեր հայրենակիցները բնակվում են Լաթաքիայի հայկական եկեղեցում: Սեփական ունեցվածքի ու բնակավայրի կորստի ցավին զուգահեռ կյանքը եկեղեցու ներսում շարունակվում է: Քեսապից գաղթած եւ Լաթաքիայում հաստատված Մարալ Մալատչյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է, որ Լաթաքիայում հարյուրավոր հայեր ապրում են մեկ մեծ ու համերաշխ ընտանիքի պես՝ Սուրբ եկեղեցու պատերից ներս:
Նրա խոսքով՝ միգուցե կորստի ցավն է բոլորին համախմբել. «Շատ համերաշխ ապրում ենք՝ սովորականի նման արթնանում, նախաճաշում, երեխա մեծացնում…»:
Մարալ Մալատչյանի խոսքով՝ գաղթական քեսապցիներին շատ են օգնում Լաթաքիայի հայկական գաղութի կանայք, հաճախ նրանք ճաշ են պատրաստում ամբողջ ճամբարի համար:
«Մենք լավ ենք, ստեղ ապրում ենք այն հույսով, որ Քեսապի լուրերը դեպի լավն են գնում, սիրիական բանակը շարունակում է նոր տարածքներ նվաճել, մենք հույս ունենք, որ վերջապես կկարողանանք գնալ մեր տները:
Մեզ համար կարեւորը Քեսապ վերադառնալն է, մենք գիտենք, որ հիմա մեր տները թալանել են, մեր սրբությունները քանդել ու ավերել են, բայց հոգ չէ. մենք պատրաստ ենք սկսել նորից, կառուցել եւ ստեղծել: Բայց մեզ համար կարեւորն այն է, որ մենք գնանք հետ՝ մեր տները»:
Քեսապահայերին շատ է վրդովեցրել նաեւ ռուսական լրատվական ծառայությունների ու գործակալությունների հրապարակած այն տեղեկությունները եւ հեռարձակած այն կադրերը, որոնց համաձայն քեսապահայեր են զոհվել:
Նրանք ասում են, որ հպարտ են այն բանի համար, որ Հայաստանի իշխանությունը ամեն ինչ անում է, որ աշխարհի պետությունների ուշադրությունը գրավի Քեսապի խնդրի վրա: Բայց զայրացնող են այն տեղեկությունները, որ իբր հայեր են զոհվել:
Մարալ Մալատչյանի խոսքով՝ նման տեղեկություն տարածելով՝ նախ քեսապահայերի ճամբարում խուճապ են ստեղծում, հետո վիրավորում են նրանց:
«Մենք կվիրավորվինք, որովհետեւ մեկ հոգի կար, որ գերի էր, բայց ճարպիկ էր գտնվել ու փրկվել էր: Մի քանի օր առաջ Քեսապից 3 հոգի էլ եկան, մենք հույս ունենք, որ նրանք էլ որ դեռ Քեսապում են, Աստծո զորությամբ կվերադառնան»:
http://galatv.am/hy/news/esapahayutyan-kyanqy-ataqiayi-haykakan-ekeghecu-pateri-nersum-or-24-rd/