ԵՐԵՎԱՆ,4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբը ոչ թե հայկական գաղթօջախ է, այլ Կիլիկյան Հայաստանից պահպանված գեղեցիկ պատառիկ: Այս, ինչպես նաև Քեսաբի մշակութային, բանահյուսական և ազգագրական նշանակության մասին է պատմում ապրիլի 4-ին «Մեդիա կենտրոնում» ցուցադրված «Քեսաբ» ֆիլմաշարի առաջին մասը: 2009-2010 թվականներին կատարված նկարահանումների արդյունքում ռեժիսոր Նանե Բագրատունուն հաջողվել է ներկայացնել քեսաբահայերի ուտեստները, խոհարարական, հարսանեկան, այլ ավանդույթները` դրանք համալրելով նաև պատմական ակնարկով:
«2010 թվականին մենք թողարկեցիքն տեսաերիզներ, և ֆիլմը շնորհանդես ունեցավ նաև Քեսաբում: Ընդհանուր առմամբ մենք 18-20 ժամ տևողությամբ ազգագրական, բանահյուսական և մշակութային արժեք ներկայացնող տեսանյութ ենք հավաքել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Բագրատունին:
Ի տարբերություն Քեսաբի մասին այլ սիրողական նյութերի` ռեժիսորի այս աշխատանքը ամբողջական նախագիծ է, որը ներկայացնում է Սիրիայի տարածքում գտնվող փոքրիկ գյուղաքաղաքը նախքան այնտեղ մարտի վերջին սկսված ռազմական գործողությունները:
«Խենթանալիք էր այն, ինչ տեսա այնտեղ, Քեսաբը աշխարհին բացահայտված չէր: Ես չորս տարի փորձում եմ հանրությանը ներկայացնել այն`նեղ շրջանակում հանդիպումների միջոցով: Ֆիլմաշարի մյուս հատվածներում ներկայացվելու են Քեսաբի ճարտարապետական կոթողները, զբոսաշրջությունը, որովհետև Քեսաբը Սիրիայի համար ևս կարևոր նշանակություն ունի»,- պատմեց վավերագրողը` հավելելով, որ ֆիլմում իրենք ներկայացնում են մի արաբի, ով 50 տարի եկել է հանգստանալու Քեսաբ, քանի որ արաբական աշխարհի համար այն չքնաղ հանգստյան գոտի է, որը նաև մեծ գումաներ էր բերում Սիրիային:
Քեսաբահայ լրագրող Սալբի Սաղտըճյանը երկու տարի է ինչ բնակություն է հաստատել Հայաստանում: Նրա համոզմամբ, Քեսաբը այն փոքրիկ մասն էր բազմաբովադակ և մեծ ժառանգության, որը մեծ իմաստ ունի հայության համար: «Քեսաբցիները, ովքեր միասին էին ապրում, ստեղծագործում էին, ունեին իրենց սովորությունները, ազգային կառույցները, իրենց հատուկ լեզուն` բարբառը:Սիրիայի համար ևս այն ռազմավարական նշանակության ունի: Ամառները Քեսաբը հայկական շնչով էր լցվում: Ամեն տեսակետից այն փոքրիկ պատառ էր հայկականությամբ ապրող, հայկականությամբ շնչող»,- նշեց լրագրողը` ընդգծելով, որ չի ցանկանում Քեսաբի մասին խոսել անցյալ ժամանակով, քանի որ իրենք հույս ունեն, որ քեսաբահայերին կհաջողվի վերադառնալ պատմական հայրենիք:
«Այն, ինչ կառուցվել էր Քեսաբում 1915 թվականից հետո, մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացավ: Շատերն իրենց վրայի հագուստով դուրս եկան Քեսաբից և չկարողացան վերցնել անգամ իրենց համար շատ կարևոր բաներ, նույնիսկ անցյալը հիշեցնող լուսանկարներ: Չնայած դրան, քեսաբցին համոզված է և վճռական, որ պետք է վերադարձնեն և կրկին կառուցեն Քեսաբը»,- հավելեց Սաղտըճյանը:
Քեսաբցի Յակոբ Քորթմոսյանը կարծիք հայտնեց, թե Քեսաբում կատարվածը վկայում է այն մասին, որ թուրքը մնում է թուրք, քանի որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հստակ ծրագրեր է նախանշել:
«Քեսաբը ներկա է և ապագա է: Ամենափոքրերի և ամենատարեցների հիմնական երազանքը Քեսաբ վերադառնալն է: Մանուկներին, երբ հարցնում են` ու՞ր եք ցանկանում գնալ, ասում են. «Քեսաբ»,- պատմեց Քորթմոսյանը` ընդգծելով, որ քեսաբցիների ցավը նաև բոլոր հայաստանցիների ցավն է:
Ֆիլմաշարի առաջին ֆիլմը ներկայացնում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին, Միջերկրական ծովի ափին գտնվող հին հայկական բնակավայրի` Քեսաբի պատմությունը:
Ֆիլմի հերոսները հենց տեղաբնակներն են` Քեսաբի բնակիչները. նրանք, ներկայացնելով իրենց պատմությունը սկսած մեր թվարկությունից առաջ` Տիգրան Մեծի ժամանակներից, հասնում են մինչ 21-րդ դար: Անդրադառնում են թուրքերի կողմից կազմակերպած 1909թ. տեղահանությանն ու թալանին, 1915թ. հայոց եղեռնին և դրանից 3 տարի անց իրենց վերադարձին:
«Քեսաբ» վավերագրական ֆիլմ-նախագծի մտահղացման հեղինակներն են Մխիթարյան միաբանության վարդապետ Հայր Համազասպ Քեշիշյանը, Նորայր Մելքոնյանը, Նանե Բագրատունին, Լիպարիտ Ասատրյանը:
«Քեսաբ» ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ ապրիլի 7–ին ժամը 17:50-ին: Քննարկման ավարտին նեկաները բուռն ծափահարություններ ուղղեցին ֆիլմի հեղինակներին, ինչպես նաև նրանց, ովքեր հայտնվել են ռազմական գործողությունների էպիկենտրոնում:
Տաթևիկ Գրիգորյան