panorama.am – «Սա մեր կռիվը չէր, բայց այս կռվի պատճառով մենք ամեն ինչ կորցրինք»:
Սիրիայից արդեն մեկ ու կես տարի Հայաստան տեղափոխված թոքաբան Աբրահամ Կարագուլյանը մյուսների նման հետևում շատ բան է թողել:
Երբ խոսում է Սիրիայում թողածի ու ամենից շատ կարոտած բաների մասին, բժիշկը ծանր հոգոց է հանում և ասում, որ ամենից շատ իր աշխատանքն է կարոտել. «Իմ երեսուն տարվա աշխատանքը, իմ կերտած հասարակական գործունեությունն եմ թողել այնտեղ: Սիրիան իմ ծննդավայրն է, իմ բոլոր զգացմունքները, ընկերներս այնտեղ են բոլորը»:
Աբրահամը Երևանում է կրթություն ստացել, պատերազմի պատճառով Հայաստան է եկել ընտանիքի հետ. «Ամռանը եկանք, բայց որոշել էինք վերադառնալ: Մինչև հիմա այստեղ ենք»:
Երկու դուստր և մեկ տղա ունի: Մեծ աղջիկը Մատենադարանում է աշխատում, փոքրը՝ դպրոցում, իսկ տղան այնտեղ բուհում էր սովորում, հիմա այստեղ շարունակում է կրթությունը Պոլիտեխնիկում:
«Մենք միշտ ամառները գալիս այստեղ հանգստանում էինք: Իմ ընտանիքի համար Երևանի պայմաններն ու մթնոլորտն օտար չեն: Ծանոթ էինք, այնպես որ ընտանիքս շուտ և հեշտ ընտելացավ երևանյան պայմաններին»,- նշում է հալեպահայը:
Հալեպում թողել է սեփական կլինիկան և հիվանդանոցը: Հիվանդանոցում ընկերներով էին աշխատում:
Հալեպում թողած տունը լավ վիճակում է, հարևանների հետ միշտ կապ են պահպանում և պարբերաբար տեղեկանում են: Միայն Հալեպի կլինիկան այն շրջանում էր, որը հիմա ընդդիմադիրների տիրապետության տակ է. «Լուր չունենք, թե ինչ վիճակի մեջ է կլինիկան. կողոպտվա՞ծ է, թալանվա՞ծ է: Մեկը չկա, որ գնա: Իսկ հիվանդանոցը շրջանում է՝ Հալեպից դուրս: Կանգուն է, բայց ծառայում է ընդդիմադիրներին, այնտեղ են վիրավորներին տանում»:
Սիրիայում թևածող պատերազմը սիրիահայերինը չէր, բայց ամենից շատ հայերը տուժեցին, ասում է Աբրահամ Կարագուլյանը. «Հայերը միշտ խաղաղասեր են եղել: Այս երեք տարվա մեջ մենք ոչ մի զենք չվեցրինք մեր ձեռքը: Բայց թուրքն այստեղ էլ հասավ ու փորձում է իր հետագա պլանները կատարել՝ հայ ժողովրդին վերջնականապես բնաջնջելու համար: Հալեպի գաղութը մայր գաղութ է, որ կառչած է իր ակունքներին, իրենք մեր հետ հաշվի էին նստում: Բացի դե, սահմանն ավելի մոտ է: Հիմա էլ Քեսաբի դեպքերը… Կարծում եմ, որ Սիրիա պետությունը հայ ժողովրդին այսպես անտեր չի թողնի…»:
Հայաստանում մեկ տարի առաջ բժիշկ ընկերոջ հետ դեղատուն են բացել Հրաչյա Քոչար փողոցի վրա: Ներքևի հարկում փոքրիկ սենյակ ունեն, այնտեղ էլ անվճար կունսուլտացիաներ են մատուցում այն հիվանդներին, ովքեր դրա անհրաժեշտությունն ունեն: Չորս բժիշկ են աշխատում, երկուսը Հայաստանից են:
Ինչ վերաբերում է Հայաստանի կյանքին համակերպվելու և այստեղ մնալուն, բժիշկը նկատում է, որ հարցը նախ աշխատանքի հետ է կապված, ոչ թե կենցաղի. «Հայաստանի ղեկավարությունը, չնայած իր ժողովրդի դժվարություններին, մեզ սրտաբաց դիմավորեց և առավելություններ տվեց: Նույն ժողովուրդն է, նույն ազգն է, նույն մշակույթն ու մտածելակերպն է: Հիմնական դժվարությունը կենցաղային պայմանների բարելավման խնդիրն է: Ոչ թե ժողովուրդն ու կյանքն են անծանոթ, այլ կենցաղային հարցերն են»:
http://www.panorama.am/am/interviews/2014/04/05/apraham-karagulian/