panorama.am – Հասարակական և ուսանողական կազմակերպությունները համախմբվել են Քեսաբի հայությանն օգնելու նպատակով։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել բարեգործական համերգ, որի ընթացքում հանգանակված գումարները կփոխանցվեն քեսաբահայության օգնության համար բացված հատուկ հաշվի համարին։
Բարեգործական համերգին ելույթ են ունեցել Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները, երիտասարդ կատարողներ՝ ներկայացնելով Կոմիտասի, Գեղունի Չթչյանի, Ավետ Տերտերյանի, Մենդելսոնի, Բախի ստեղծագործությունները, տեղեկացնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մամուլի բաժնից:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանն ընդգծել է, որ այս օրերի ընթացքում բազմաթիվ երիտասարդական կազմակերպություններ, երիտասարդ անհատներ դիմում էին՝ տեղեկանալու, թե ինչպես կարող են իրենց օգնությունը հասցնել Քեսաբի մեր հայրենակիցներին։ Առաջին հարցադրումը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարի կողմից եղել է Ազգային ժողովում ՀՀ արտգործնախարարին, ով ներկայացրել է օգնության այն ձևաչափը, որ նախատեսվում է իրականացնել։ «Այս փուլում երիտասարդական մոտ 20 կազմակերպություններ (ուսանողական կառույցներ, ՀԿ-ներ, ՀՀԿ երիտասարդական տարածքային կազմակերպություններ) այս պահի դրությամբ արդեն 6 միլիոն դրամ են հավաքել։ Այս նախաձեռնությունը բացառիկ է այն առումով, որ մեծ թվով երիտասարդներ համախմբվել են ազգային խնդրի շուրջ և ցանկանում են օգնության ձեռք մեկնել իրենց եղբայրներին,- նշել է Կարեն Ավագյանը՝ ավելացնելով,- նախաձեռնությունը չունի քաղաքական համատեքստ, միայն ու միայն մարդասիրական, համախմբման շեշտադրում է։ Եվ ուրախ եմ, որ հենց երիտասարդներից է եկել այս ցանկությունը»։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Արուսյակ Պողոսյանը նկատել է, որ բավականին հեշտ է երիտասարդներին համախմբել մարդասիրական, բարեգործական միջոցառումների շուրջ։ «Կարծում եմ՝ ճիշտ թիրախային համագործակցությունն այս հարցում կհանգեցնի գումարի արդյունավետ բաշխմանը։ Ակցիայի շրջանակներում ՀՀԿ բոլոր տարածքային կազմակերպություններն ու պետական և ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդները մեկ օրվա ընթացքում կարողացան կատարել այս հանգանակությունը»։
Հասմիկ Ափյանը, որ ներկայացնում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, նշել է, որ բուհի և՜ ուսանողները, և՜ վարչակազմը մեծ պատրաստակամությամբ միացան Քեսաբի մեր հայրենակիցներին օգնելու նախաձեռնությանը, և մեկ օր շարունակ համալսարանում հավաքված գումարը կփոխանցվի համապատասխան հաշվեհամարին։
«Save Kessab» մակագրությամբ շապիկներով երիտասարդները համերգի ընթացքում կատարում էին նաև հանգանակություն։