Հայաստանում հիմնադրված «Հալէպ» հայրենակցական-բարեսիրական հասարակական կազմակերպությունը ապրիլի 5-ից նախաձեռնելու է դրամահավաք, որից ստացված հասույթը կուղղվի Լաթաքիայում ապաստան գտած քեսաբահայերին: Ապրիլի 2-ին հրավիրված ասուլիսում կազմակերպության երիտասարդական հանձնաժողովի անդամ Դիանա Քարազյանը, տեղեկացնելով նախաձեռնության մասին, նշեց, որ իրենց միանալու պատրաստակամություն են հայտնել տարբեր հասարակական երիտասարդական խմբեր:
«Մեր հայրենակիցների ծանր իրավիճակից ելնելով մենք նախաձեռնություն ենք սկսում դրամահավաքի տեսքով, որի նպատակն է հրատապ օգնել Լաթաքիայում գտնվող քեսաբցի ընտանիքներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Քարազյանը:
Նրա խոսքով` դրամահավաքի համար կազմակերպությունն արդեն համապատասխան համաձայնություն է ձեռք բերել Երևանի քաղաքապետարան հետ և քաղաքի տարբեր հաստատություններում, հանրային վայրերում, տեղադրվելու են կազմակերպության տարբերանշանով արկղեր:
Նվիրատվության մասնակից դառնալու համար բացվել են նաև հաշվեհամարներ, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվություն է զետեղված www. aleppo-ngo.org կայքեջում:
«Հալէպ» հայրենակցական-բարեսիրական հասարակական կազմակերպության երիտասարդական հանձնաժողովի անդամ Հակոբ Ֆագեջյանը հայտնեց, որ իրենց նախաձեռնության շուրջ արդեն համախմբվել են մոտ 200 երիտասարդներ:
«Մեր նախաձեռնություններին մասնակցում են նաև հալեպցի հայերը, որոնց մի մասը ապահոված են, ունեն եկամտի աղբյուր, և նրանք իրենց մասնակցությունն են բերելու մեր աշխատանանքներում որպես` կամավոր»,- պարզաբանեց Ֆագեջյանը` հավելելով, որ արդեն սկսված են քեսաբահայերի օգնությանը ուղղված դրամական փոխանցումները:
Կազմակերպության անդամ Հակոբ Ղազանչյանն էլ փաստեց, որ հավաքագրված գումարների` Լաթաքիա փոխանցումը կատարվեու է բացառապես թափանցիկության պայաններում, և դրամահավաքի մասնակիցները հստակ կիմանան, թե որ ընտանիքին որքան գումար է փոխանցվել:
Կազմակերպության արտաքին կապերի բաժնի տնօրեն Սարգիս Բալխյանն էլ նշեց, որ նախաձեռնությունը հավակնում է դառնալ ոչ թե միայն իրենց կազմակերպության նախաձեռնությունը, այլ քաղաքացիական-հասարակական շարժում, որին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք:
«Քեսաբը Հալեպից չեն առանձնացնելու: Օգնելու ենք նաև Հալեպում գտնվող հայրենակիցների, որվքեր ծայրահեղ վիճակում են գտնվում այնտեղ»,- ընդգծեց նա:
Բանախոսների համոզմամբ` ճակատագրի բերումով իրենք հայտնվել էին Հալեպում, իսկ այժմ` Հայաստանում, և իրենք կարծում են, որ այս նախաձեռնությունը շատ հրատապ է և, ամենակարևորը, մարդասիրական նշանակություն ունի:
«Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է մի խումբ սիրիահայերի նախաձեռնությամբ, ովքեր մեծապես գնահատում են այն վիթխարի դերը, որ ունեցել են սիրիացիները՝ հյուրընկալելով 1915 թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: Ավելին` գիտակցելով սիրիական ճգնաժամի հետևանքով առաջացած և օր օրի վատթարացող իրավիճակը, բարեսիրական հասարակական կազմակերպությունը հիմնադրվեց`անհետաձգելի մարդասիրական օգնություն տրամադրելու համար Սիրիայում և Հայաստանում բնակվող սիրիացիներին: Կազմակերպության ստեղծման գաղափարը ծնվել էր ավելի վաղ՝ դեռևս 2012 թվականին: Հետագայում, գործարարների, համայնքի ղեկավարների և քաղաքականություն մշակողների հետ աշխարհի տարբեր ծայրերում խորհրդատվական հանդիպումներ ունենալուց հետո, առաջին հանդիպումը տեղի ունեցավ Երևանում 2013 թվականի ապրիլի 25-ին: Կազմակերպության հիմնադիր անդամները կանայք և երիտասարդներ են, ովքեր գիտակցում են սիրիացի փախստականների և ներքին տեղահանվածների օրհասական դրությունն ու իրավիճակը քիչ թե շատ բարելավելուն ուղղված անհապաղ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Կազմակերպության նախագահն է Անի Բալխյանը: «Հալէպ»-ը որպես կազմակերպություն գրանցվել է 2013թ. հոկտեմբերի 28-ին: Մարտի 26-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարը և «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը նախաձեռնել էին համերգ նվիրված Սիրիայի Մայրերի տոնին:
Համերգի նպատակն էր հարգանքի տուրք մատուցել սիրիահայ մայրերին` իրենց նվիրվածության, ազգային արժեքների պահպանման, անսահման քաջության և համբերության համար:
Տաթևիկ Գրիգորյան