ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Ջարամանա արվարձանում ապրիլի 2-ին հրասանդներ են ընկել, որոնց պայթյունի հետևանքով 5 քաղաքացի է վիրավորվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, 5 հրասանդ ընկել է Ջարամանայի Թարբա, Նասիմ թաղամասերում, Սույուֆ հրապարկում, Ռադի հիվանդանոցի մերձակայքում: Դամասկոսի ոստիկանությունը տեղեկացրել է, որ ևս մեկ հրասանդ ընկել է Ֆեյհա քաղաքում՝ պատճառելով նյութական վնասներ:
Սիրիական բանակը շարունակում է Սիրիայի տարբեր շրջաններում հետապնդել զինված խմբավորումներին: Դարաայի Թասիլ շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ զինված խմբավորման բոլոր անդամները, այդ թվում՝ նրանց ղեկավարը սպանվել են: Մեծ թվով զինյալներ են սպանվել Դարաայի Զաբաիր շրջանում և Օթման գյուղում:
Ավելի վաղ` ապրիլի 1-ին, հրասանդներ էին ընկել Դամասկոսի կենտրոնական Կասաա և Աբբասիին թաղամասերում:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալնեով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: