ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարարությամբ զբաղվող 56 սիրիահայ ներկայում ներգրավված է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) սիրիահայ գործարարների բիզնեսի զարգացման ծրագրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՓՄՁ ԶԱԿ տնօրեն Վարազդատ Կարապետյանը ներկայացրեց սիրիահայերի հետ մեկուկես տարվա աշխատանքի արդյունքները` Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ:

Նրա խոսքով` կենտրոնը գործարարներին տրամադրում է մինչև 5 միլիոն դրամ` 5 տարի ժամանակով, 4 տոկոս տոկոսադրույքով: «Մինչ այս հնարավորությունից օգտվելը սիրիահայերը մեկ ամիս տևողությամբ դասընթացներ են անցնում և ծանոթանում շուկայի իրավիճակին, մաքսային և հարկային պայմաններին: Այս պահի դրությամբ` այդպիսի դասընթացների մասնակցել է 103 սիրիահայ, և 56-ի բիզնես ծրագիրը ֆինասավորվել է` 250 միլիոն դրամի չափով: Այս պահին ևս 25 ծրագիր հաստատվել է, և նախատեսվում է 100 միլիոն դրամի ֆինասավորում տրամադրել»,- ասաց ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրենը:

Սիրիահայ գործարարները հիմնականում գործառնում են հետևյալ ոլորտներում` հաստոցաշինություն, ոսկերչություն, տեխսպասարկում, հասարակական սննդի կետեր, սննդամթերքի արտադրություն, հագուստի արտադրություն, տաքսի ծառայություններ: «Արդեն կան որոշ հաջողված պատմություններ: Դրա վկայությունն էլ այն է, որ ապրիլի չորսին սիրիահայ երկու կին գործարար 2014թթ. ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությանը կստանան հատուկ մրցանակ»,- հայտնեց Վարազդատ Կարապետյանը:

Նրա տեղեկացմամբ` այս ծրագրերին զուգահեռ գործում է սիրիահայերի գործարար աջակցության խորհուրդ, որը պարբերաբար փորձում է հասկանալ խնդիրները և դրանց լուծում տալ: «Ծրագիրն իրականացնելիս որոշակի խնդիրներ առաջանում են. հատկապես պրոբլեմային է դարձել որոշ գործարարների կողմից վարկերի վերադարձը, որը մենք երբեմն պայմանավորում ենք շուկայի տնտեսական վիճակով: Սակայն, որոշ դեպքերում, գործարարների կողմից վերաբերմունքը դեպի ֆիմնասավորումը գործնական հարթությունից շեղված է: Այդ պատճառով մեր աշխատանքն անհամեմատ արդյունավետ կլինի, եթե սիրիահայերը մեզ մոտ գան հստակ բիզնես ծրագրով»,- նշեց Վարազդատ Կարապետյանը` հավելելով, որ ֆինանսավորվող 56 գործարարների 70 տոկոսը կայացել է իր գործում:

Կենտրոնը սիրիահայերի հետ աշխատում է 2012 թվականի դեկտեմբերից, այդ ընթացքում ՓՄՁ ԶԱԿ-ի տվյալների շտեմարանում գրանցվել է 500 սիրիահայ, նրանցից 400-ն օգտվել է այս կամ այն խորհրդատվական, կրթական աջակցությունից: