tert.am – Սիրիայի Քեսապ հայաբնակ ավանի և շրջակա գյուղերի վրա այսօր առավոտյան ժամերին սկսված հարձակումը կազմակերպվել է «Ալ Նասրա» և «Ալ Իսլամիե» խմբավորումների կողմից։

Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը նոր մանրամասներ է հաղորդում հարձակման վերաբերյալ։

Ըստ այդմ, ընդդիմադիր զինյալները Իդլիբից հեռանալուց հետո, ամիսներ շարունակ հավաքված են եղել այդ գոտում, Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակվել են Քեսապի վրա և սկսել են գնդակոծել բնակավայրերը։

Քեսապցի շատ հայեր ավելի վաղ արդեն ապաստան էին գտել ապահով շրջաններում։ Սիրիական զորքը ևս ներկա է եղել այնտեղ, սակայն ոչ բավարար թվով, բայց այսօրվա հարձակումից հետո հավելյալ ջոկատներ են հասել օգնության։

Սիրիական օդուժը հարվածներ է հասցնում ընդդիմադիր խմբավորումների հավաքատեղերին։ Մյուս կողմից կառավարական զորքը փակել է Պասիթի ճանապարհը՝ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։
Բախումները շարունակվում են։

Հաղորդվում է, որ սիրիական զորքը շարունակում է հարվածներ հասցնել ընդդիմադիրների կարևոր կետերին ու պաշտպանում է ավանը՝ փորձելով հետ մղել ընդդիմադիրներին։

Քեսաբի շրջակայքում թուրքմենական գյուղեր կան։ Հաղորդվում է, որ բախումների հետևանքով զոհեր կան, սակայն նրանց ինքնությունը դեռևս պարզ չէ։