1in.am – Հալեպում կրկին անհանգիստ է. հնչում են պայթյուններ քաղաքի ամենատարբեր հատվածներում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը: Վերջինս, սակայն, չհաստատեց լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունը, ըստ որի՝ Հալեպում պայթյուններից հայ աշակերտ է զոհվել, նշեց, որ միայն պաշտոնական տեղեկատվություն կարող է փոխանցել:
Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Հալեպում պայթյունների հետևանքով վիրավորվել է 9-րդ դասարանի աշակերտ Խաչիկ Գաբրիելյանը: Նրա կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում:
«Երեկվանից քաղաքի զանազան շրջաններում, նաև՝ կենտրոնական հատվածներում, որտեղ բնակչություն կա, ռումբերի պայթյուններ եղան, ցնցումներ, նյութական վնասներ կան, բնականաբար՝ այս ամենի կողքին վիրավորներ ու մարդկային զոհեր կան: Այս վիճակը ոչ միայն Նոր Գյուղ թաղամասում է, այլև մի շարք այլ շրջաններում: Որևէ փողոցում, անկյունում կամ շենքի կողքին են լինում պայթյունները, քանի որ դրանք կուրորեն նետված ռումբեր են»,- ասաց նա:
Հալեպում հակաքրիստոնեական տրամադրություններին անդրադառնալով՝ Ռեիսյանը նշեց, որ այնտեղ կատարվողը չի ցանկանում դիտել այդ տեսանկյունից։ Քաղաքում տեղի ունեցողն, ըստ նրա, կարելի է դիտել պարզապես հակաիշխանություն -իշխանություն շրջանակներում, այլ հարց է, եթե կողմնակի տրամադրություններ էլ կան: Առաջնորդարանի խոսնակը տեղեկացրեց, որ ներկա դրությամբ այնտեղ պայթյուններ չկան, սակայն դրանք կարող են ամեն պահի հնչել, այսինքն՝ այս պահին Հալեպում տիրող հարաբերական խաղաղ, հանգիստ դրությունը դեռ չի նշանակում, որ օրվա ընթացքում պայթյուններ չեն լինի:
Մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ Հալեպի Նոր Գյուղ, Սուլեյմանիե և մի շարք այլ թաղամասերում պայթյուններ են եղել: Պայթյունների հետևանքով զոհերի և վիրավորների թվում հայեր չկան: