panorama.am – Շանթ Խայալյանը Սիրիայից Հայաստան եկավ մենակ… երկար ճանապարհ անցնելուց հետո: Ընտանիքն ավելի շուտ էր եկել:

«Արդեն մեկ տարի ու կես ամիս է Երևանում եմ: Իմ ընտանիքն այստեղ էր, տասը տարի առաջ տուն էի գնել: Կինս երևանցի է, մտածեցի, հնավոր է երեխաներն ուզենան Հայաստանում ապրել կամ սովորել»,- ասում է նա:

Սիրիայում Շանթը մի քանի զբաղմունք ուներ: Կրթությամբ գովազդի, մարքեթինգի և մենեջմենթի մասնագետ է: Այնտեղ ուներ գովազդային գործակալություն, որտեղ նաև ծրագրավորում էին անում, ձեթի արտադրամաս, ավտոմեքենաների պահեստամասերի խանութ, մեքենաների վերանորոգման կետ և ուներ իր հոբին, որ կոչվում է օճառ պատրաստել:

«Քիմիկոս ընկեր ունեի, որ վարպետ էր: Ասացի` մի բան ասա զբաղվեմ: Ինքն ինձ հուշեց, որ կարելի է օճառագործությամբ զբաղվել: Ասաց` ձեթի արտադրամաս ունես, մնում է սարքավորումներ տեղադրես: Սկսեցի, առաջին հաջողված օճառս երեք ամիս անց եմ ստացել, շատ չարչարանքներից հետո: Էն, որ մուլտերի մեջ տեսնում եք` խոհանոցում ամբողջությամբ փրփուրներ էին»,- պատմում է սիրիահայը:

Ընթացքում արդեն սկսում է մասնագիտանալ: Տարբեր տեխնոլոգիաներ է ուսումնասիրում. «Հիմա ես արտադրում եմ այնպիսի օճառներ, ինչպիսիք հին եգիպտացիք պատրաստում էին Կլեոպատրայի համար: Ես այդ տեխնիկայով եմ աշխատում, ծաղիկներից հումք եմ վերցնում և պատրաստում»:

Հետագայում արդեն տեսնում է, որ շաբաթական 5 կգ օճառ է բաժանում, մարդիկ հավանում են, պահանջարկ կա:

«Մինչև պատերազմի սկսվելը ինձ համար դա հոբբի էր, եկամուտի աղբյուր չէր, պարզապես հաճույք էի ստանում: Երբ պատերազմը սկսեց, ես Հորդանան գնացի, մտածում է ժամանակավոր է, որ կվերջանա հետ կգնամ: Այդպես չեղավ, մնացի 6 ամիս: Հորդանանում մի ընկեր ունեի, ում կինը ևս օճառների գործով էր զբաղվում: Միասին գործ սկսեցինք, կոնկուրսների մասնակցեցինք, որպեսզի ճանաչվենք»,- հիշում է նա:

Մի օր էլ թագավորի պալատից զանգում են Շանթին, թե իշխանուհին շատ է հավանել ձեր օճառը ու հրավիրում են պալատ. «Գնացի, ծանոթացանք, ինձ որակի վկայական տվեցին թագավորի կողմից: Հաջողություններ ունեցա, բայց արդեն որոշել էի ու գնել էի Հայաստան գալու տոմսը: Ուղղակի մտա օդանավակայան, թռա և հասա Հայաստան 22 ժամ հետո»:

Երբ եկավ Հայաստան, գումար չուներ, բայց որոշել էր, որ բոլոր մասնագիտությունները պիտի մի կողմ դնի ու սկսի օճառի գործով զբաղվել. «Այստեղ համալսարաններից մեկում գովազդի դասախոսույթյուններ եմ կարդում: Բայց որոշել էի ու հոբբիս սարքեցի աշխատանք, իսկ մյուս գիտելիքներս դարձրեցի հոբբի: Քանի, որ գումար չունեի, որոշեցի գնալ Փոքր և միջին բիզնեսի զարգացման կենտրոն, երկու ամիս դասընթացների մասնակցեցի, չնայած, որ մարքեթինգի ու գովազդի 14 տարվա փորձ ունեմ, բայց պահանջն այդպիսին էր: Ներկայացրեցի ծրագիրը, վարկավորում շահեցի ու սկսեցի գործս»:

Այսօր արդեն գործը ճիշտ ուղու վրա է, առաջ է գնում: Մարդիկ զանգում են, պատվիրում, հետաքրքրվում: Պատվերները Ֆեյսբուքյան էջով են ընդունում, անվճար առաքում են:

Շանթի օճառներով արտասահմանից էլ են հետաքրքրվում. «Վերջերս Կիպրոսից հյուր ունեի, Ուկրաինա, Նորվեգիա եմ արտահանում: Ֆրանսիայից էր եկել օրգանական քիմիայի մասնագետ: Ուրախ եմ, որ հետաքրքրվում են, շատ ուրախ եմ, որ փորձում են նաև օգնել ինձ: Ես չեմ ասում, թե բժշկական օճառ եմ արտադրում, բայց դրանք բուժիչ են, բնության տվածն է»:

Շուտով նաև անհատական դեղատներում հնարավոր է լինեն Շանթի օճառները: Այնպիսի գներ են սահմանում, որ շատերի համար հասանելի ու մատչելի լինեն: Առաջիկայում մեռյալ ծովից են բույսեր բերելու, շամպուններ և օճառներ կարտադրեն:

Շաթն առաջ է նայում, բայց հետևում թողած էլ քիչ բան չունի. կարևոր բաներ է թողել Սիրիայում. «Ամենից շատ ծնողներիս եմ կարոտում, հիմա իրենք Հալեպում են: Օրերս Քեսաբից էին վերադառնում, իրենց կողքը ռումբ է պայթել, վախեցել էին: Փառք Աստծո, վնասներ չեն եղել: Քույրերիս եմ կարոտում: Տուն ունեմ, որ արդեն մոտ երկու տարի է չգիտեմ էլ ինչ վիճակում է, ընդդիմադիրների տիրապետության տակ գտնվող հատվածում է: Բայց հոգ չէ, ոտքի կկանգնենք, լավ կլինի»:

Ու չնայած հետևում թողած մի ամբողջ կյանքին, Շանթը որոշել է հետ չգնալ.«Ես գնալուն 90 տոկոսով դեմ եմ, աղջիկ երեխա ունեմ, ուզում եմ հայկական ձևով մեծանա, չեմ ուզում Եվրոպայում ինչ-որ սխալ ձևով դաստիարակվի: Ինձ շատ կարևոր են իր պատիվը, իր ապրելաձևը: Ուզում եմ, որ եկող սերունդը լինի Հայաստանում: Վերջում բոլորն էլ Հայաստան են գալու: Օտարության մեջ վիզդ ծուռ ես ապրում, ես չեմ սիրում այդպես ապրել, ես հպարտություն ունեմ շատ ուժեղ»:

Օտարությունը Շանթն ու իր ընտանիքը լավ գիտեն. «Իմ պապիկն ու տատիկը Եղեռնի ժամանակ հրաշքով փրկվել են ու հասել Հալեպ: Այնտեղ էլ ամուսնացել են: Ունեմ խորթ հորաքույր, որ ուրիշ մորից է: Հայրս մեծացել է Հալեպում, ամուսնացել է մորս հետ, ով լիբանանահայ է: Ծնվել ենք մենք ու այսքան ժամանակ ապրել ենք Սիրիայում, պատերազմը եղավ ու եկանք: Ես ուզում եմ մի խորհուրդ տալ, մենք հայերս չպետք է գնանք ուրիշ երկիր, մենք 1915 տեսանք, Բաքվի ջարդ տեսանք, եղավ նաև Իրաքի պատերազմը, Քուվեյթի, Սիրիայի պատերազմը: Մենք` հայերս տուժեցինք, չէին հասկանում, որ չի կարելի օտարության մեջ մնալ: 100 տարին չլրացած նոր կոտորած է լինում: Ճիշտ կլինի հայրենիքում մնանք, թեկուզ վատ լինի, վերջում մեզ այստեղ չեն կոտորի: Մենք ենք, որ եթե դուրս գնանք, հնարավոր է կոտորվենք: Խորհուրդս այն է, որ բոլոր հայերը հետ գան»: