ԱՆԹԻԼԻԱՍ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած ստեղծված ծանր իրավիճակին, սիրիահայությունն ամուր կառչած կմնա Սիրիային: Այս մասին World Watch Monitor կազմակերպության տնօրենի հետ հարցազրույցի ժամանակ նշել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` կաթողիկոսը նշել է. «Մենք երբեք չենք մոռանա ցեղասպանությունից հետո սիրիացի ժողովրդի ցուցաբերած եղբայրական ոգին հայ ժողովրդի նկատմամբ: Տարիներ շարունակ սիրիահայությունը մասնակցել է սիրիական հայրենիքի վերելքին: Այսօր, երբ սիրիացիները լուրջ վտանգների ու մարտահրավերների առջև են, մենք չենք կարող մոռանալ անցյալը և հեռանալ Սիրիայից: Ճիշտ է, որոշ թվով հայեր ժամանակավոր հեռացել և հաստատվել են ավելի ապահով վայրերում, սակայն վստահ ենք, որ նրանք անվտանգության վերահաստատվելուն պես շուտով կվերդառնան Սիրիա»:

Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձել է սիրիական ճգնաժամի լուծման, քրիստոնեության և, հատկապես, հայ համայնքի քաղաքական կեցվածքին: Վեհափառը շեշտել է մի քանի կետեր, որոնցից են. սիրիական տագնապը միայն քաղաքական լուծում կարող է գտնել` ոչ’ զինվորական և ոչ’ էլ արտաքին միջամտություններով: Սիրիացի ժողովուրդն իր բոլոր բաղկացուցիչ մասերով՝ պետություն, ընկերություն, համայնքներ, պետք է մասնակցի Սիրիան դեպի խաղաղություն առաջնորդելու գործընթացին: Քրիստոնյա-իսլամ գոյակցությունը սիրիական ընկերության հատկանշական երևույթներից է: Քրիստոնյա համայնքները իրենց պարտավորությունները լիովին կատարել են Սիրիայի նկատմամբ` իբրև սիրիական ընկերության անբաժան մասը, նրանք նաև տեր կկանգնեն իրենց իրավունքներին՝ անհատական, թե համայնքային:

Կաթողիկոսը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ նշել է, որ հայ ժողովուրդը դեռ մնում է իրավազրկված: «Սփյուռքը պարտադրված իրականություն է ցեղասպան Թուրքիայի կողմից: Մենք չենք կարող անտարբեր մնալ ոտնահարված իրավունքների հանդեպ: Ցեղասպանության ճանաչումը և հատուցումը յուրաքանչյուր հայի և ամբողջ հայության պահանջն է»,- ասել է կաթողիկոսը:

Տաթևիկ Հարությունյան