panorama.am – 2014 թ. հունվարի 30-ից մարտի 7-ը Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է բաշխել 263 սիրիահայ ընտանիքի (980 մարդու): Այս մասին հայտնում են ԿԽ հայաստանյան գրասենյակից:

Սիրիահայերին տրամադրվել են ձմեռային հագուստ և կոշիկ, հիգիենիկ պարագաների փաթեթներ և ծածկոցներ:

2014 թ. տարբեր ծրագրերի շրջանակներում` սեփական բիզնես սկսելու համար գործիքներ կստանա ևս 160 շահառու: Մոտակա ամիսներին 300 ընտանիքի կտրամադրվեն կենցաղային և հիգիենիկ պարագաներ, 250 ընտանիքի (1000 մարդ) կտրվեն ձմեռային հագուստի և կոշիկի ձեռքբերման կտրոններ, խրոնիկական հիվանդություններ ունեցող շահառուներին` դեղորայքի ձեռքբերման կտրոններ:

«Ծրագրեր են իրականացվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, Ավստրիական զարգացման գործակալության, ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և Ավստրիական Կարմիր խաչի աջակցությամբ:

Սիրիահայերին աջակցություն է տրամադրում հետևյալ հիմնական ուղղություններով. ընդունելության պայմանների բարելավում, սոցիալական աջակցություն, ՀՀ տարածք մուտքի պայմանների բարելավում և չվերադարձելիության սկզբունքի պահպանում, ինքնաբավության և ապրելակերպի բարելավում, համայնքների հզորացում, իրազեկվածության բարձրացում և ինտեգրում, սեռական և գենդերային բռնությունների կանխարգելում ու արձագանք:

2012 թ. աշնանից մինչ օրս 500 ընտանիքի տրամադրվել են հիգիենիկ փաթեթներ, 1615 մարդ ստացել է ձմեռային հագուստ և կոշիկ ձեռք բերելու կտրոններ, հաշմանդամություն ունեցող 60 մարդու տրվել են հենաշարժողական միջոցներ, լսողական սարքեր և ակնոցներ, առավել կարիքավոր 32 շահառուների տրամադրվել է 15 000-ական դրամ:

Իրականացվում է նաև անհատական և խմբային խորհրդատվություն` Հայաստանում շահառուների իրավունքների և պարտականությունների, զբաղվածության, առողջապահության և կրթության վերաբերյալ:

2012թ. մինչ օրս 1736 սիրիահայերի տրամադրվել է համապատասխան տեղեկատվություն:

2013 թ. ծրագրերում ընդգրկվեց նաև եկամտաբեր գործունեության խթանման բաղադրիչը, որը նպատակ ունի օգնել սիրիահայերին իրենց փոքր բիզնեսն սկսելու հարցում` տրամադրելով համապատասխան գործիքներ` ըստ իրենց նախասիրությունների և հմտությունների: 2013թ. գործիքներ ստացան 88 սիրիահայեր:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցել է նաև սիրիահայ երեխաներին: 2013 թ. ընթացքում 147 երեխա ստացել է հագուստ և կոշիկ, որից 97 դպրոցականի նաև գումար է տրվել` հագուստ և գրենական պիտույքներ ձեռք բերելու համար, փոքրիկներին տրամադրվել են նաև մանկական սայլակներ, մանկական սնունդ և տակդիրներ: 2013 թ. օգոստոսի 1-ից 7-ը ամառային ճամբար է կազմակերպվել` ընգրկելով սիրիահայ երեխաներին»,- ասված է հաղորդագրության մեջ: