panorama – Ձեռագործ սփռոցներ, կիսաֆաբրիկատներ, զարդեր, նկարներ, անուշեղեն, համեմունքներ… Արդեն երկրորդ անգամ Երևանում կայանում է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:

Զարմինե Թոքադլյանն իր պատրաստած կիսաֆաբրիկատներն է բերել տոնավաճառի:

«Շատ ուրախ եմ, որ նման հնարավորություն է ընձեռվում: Լավ է, որ ծանոթանան մեր ապրանքներին: Տանտիկինի գործը հեշտացնող ուտեստներ են, որ միայն պիտի տապակեն և մատուցեն»,- մեզ հետ զրույցում իր սեղանիկը ներկայացրեց սիրիահայ կինը:

Մեկ այլ սիրիահայ Սերինե Աղախանյանը նաև նախորդ` Ամանորի առթիվ կազմակերպված տոնավաճառին է մասնակցել, անցած անգամ միայն սփռոցն է հավաքել ու գնացել տուն:

«Շատ հաջող էր, շատ լավ է, որ նման միջոցառումներ են լինում: Ես անուշեղեն եմ վաճառում, թխվածքաբլիթներ, նաև աղաբլիթ եմ պատրաստել Սուրբ Սարգսի տոնի համար»,- ասաց նա:

Կազմակերպիչը Սփյուռքի նախարարությունն է, միջոցառումը Տեառնընդառաջ և Սուրբ Սարգիս զորավարին նվիրված եկեղեցական տոների առթիվ է:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նպատակը նախ մեր հայրենակիցների ստեղծագործական հնարավորությունները ցուցադրելն է մեր հասարակությանը:

«Ինձ համար հիանալի և զարմանալի է այն, որ նրանցից յուրաքանչյուրը ստեղծագործելու յուրօրինակ հատկանիշ ունի: Լինի երգ, նկար, ասեղնագործություն, ոսկերչություն, նաև ինձ հիացնում է խոհանոցային արվեստը: Դա իրոք արվեստի է վերածվել, այնքան գեղեցիկ են ձևավորում, այնպես սիրով են մատուցում, որ ուզում ես անպայման մասնակից լինել: Նյութական առումով շատ կարևոր է: Փոքր բիզնեսին զարկ տալու լավագույն ձև են ցուցահանդեսները: Դրանց ընթացքում կարող են նաև պատվիրատուներ ունենալ»,- ասաց նախարարը:

Հրանուշ Հակոբյանը նշեց, որ միջոցառումը նվիրված է սիրահարների տոնին, քանի որ Սուրբ Սարգսի տոնը արմատավորվում է մեր հասարակության մեջ, իսկ սիրիահայերն ավելի վաղուց են տոնում. «Այս տոնի ավելի լավ կրողն են, իրենց մասնակցությամբ այն ավելի գեղեցիկ է դառնում»: