ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեառնընդառաջ և Սուրբ Սարգիս զորավարին նվիրված եկեղեցական տոների կապակցությամբ փետրվարի 14-ին և 15-ին սիրիահայերի մասնակցությամբ կկազմակերպվի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչությունից, «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով երկօրյա միջոցառմանը կմասնակցեն ձեռագործությամբ զբաղվող ու հրուշակագործ սիրիահայեր: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել տոնավաճառի մասնակից սիրիահայերի հետ՝ շահույթի մի մասը «Նոր Հալեպ» բնակարանաշինության ծրագրի համար փոխանցելու վերաբերյալ»,-տեղեկցացրին սփյուռքի նախարարությունից:
Փետրվարի 14-ին ցուցահանդես-վաճառքը տեղի կունենա Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նախասրահում` 2-րդ հարկում` ժամը 13:00-ին: Կմասնակցեն ձեռագործությամբ զբաղվող 22 և հրուշակագործ 7սիրիահայեր:
Փետրվարի 15-ին` ժամը 14:30-ին, իրականացվելու է խաչապտույտ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Սիրահարների այգի: Խաչապտույտին մասնակցելու են նաև սիրիահայեր: Սիրահարների այգում նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառին կներկայացվեն ձեռագործությամբ զբաղվող 20 և հրուշակագործ 5 սիրիահայի աշխատանքներ: