Հայաստանի կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրամադրեց 16 մլն 705 հազար դրամ՝ 2013 թվականի չորրորդ եռամսյակում սիրիահայերին տրամադրված անձնագրերի պետտուրքի գումարը փոխհատուցելու նպատակով: Ինչպես ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշված ժամանակահատվածում սիրիահայերին տրամադրվել է ՀՀ քաղաքացու 257 անձնագիր: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են ինչպես Սիրիայում, այնպես էլ այլ պետություններում գտնվող ՀՀ դեսպանություններում` ազգությամբ հայ այն Սիրիայի քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել նաև ՀՀ քաղաքացիություն և դիմել են անձնագիր ստանալու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: Սիրիայի Արաբական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը 2011թ. մարտից համարվում է այդպիսին: