ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում փետրվարի 12-ին տեղի է ունեցել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Սիրիահայության շրջանում ՀՀ մշակույթի նախարարության կատարած աշխատանքների մասին» զեկուցումով հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադառնալով սիրիահայերի մշակութային ինտեգրման հարցերին` կարևորել է մասնագիտական օգնությունը նորաստեղծ «Կռունկ», Շառավիղ», «Կարոտ» երգչախմբերին, քանի որ նրանց շուրջ համախմբվում է սիրահայությունը: Նախարարը նշել է նաև տաղանդավոր երիտասարդներին գտնելու և օժանդակելու մասին: «Շատ կարևոր է աշխատանքը երիտասարդության շրջանում: Շնորհալի, տաղանդավոր երիտասարդներին, պատանիներին պետք է օգնել, ինքնադրսևորման հնարավորություն տալ»:

«Սիրիայում տիրող իրավիճակի և հայ համայնքի խնդիրների մասին» զեկուցել է ԱԳՆ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը: Այնուհետև ներկայացվել են Սիրիահայերի շրջանում բարեգործական կառույցների կողմից իրականացված ծրագրերը: Զեկուցումներով հանդես են եկել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի նախագահ Լենա Հալաջյանը, Հայկական Կարմիր խաչի ներկայացուցիչ Աննա Եղիազարյանը և «Արմենիան լայթհաուզ» բարեգործական հիմնադրամի անդամ Նաիրա Մուրադյանը:

Ամփոփելով նիստը՝ Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել զեկուցողներին և գերատեսչությունների ներկայացուցիչներին կատարած աշխատանքի համար և նախանշել հետագա անելիքներն ու ծրագրերը: