azatutyun.am – Սիրիայում շարունակվող պատերազմի հետևանքով փախստական դարձած սիրիահայերից շատերը Հայաստանում մնալու ցանկություն չունեն և պատերազմի ավարտից հետո պատրաստվում են բռնել հետդարձի ճամփան կամ հաստատվել այլ երկրներում։
Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև շուրջ երեք տարի ձգվող հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխվեց մոտ 16 հազար սիրիահայ։ Նրանցից 5 հազարը, սակայն, չմնաց հայրենիքում՝ հետ վերադառնալով կամ տեղափոխվելով Եվրոպա, ԱՄՆ։
Թեև չկա որևէ ուսումնասիրություն, թե խաղաղություն հաստատվելուց հետո քանի սիրիահայ կլքի Հայաստանը, Հայաստանում մնացողների շրջանում տրամադրությունը սպասողական է։
«Հալեպը դզվի` կգնամ: Հալեպ «բարաքյաթ» կա, խելք կա, գործ կա, փող կա: Այստեղ աղքատ քաղաք է», – ասում է Ալեքսան Սողոմոնյանը, ով մեկուկես տարի է` ինչ Հայաստանում է։ Իր ընտանիքի ապագան Հայաստանի հետ չի կապում: Համատարած գործազրկության պայմաններում սիրիահայերից շատերի պես նա էլ չի կարողանում կայուն ու բավարար աշխատավարձով աշխատանք գտնել։ Ալեքսանն արդեն երրորդ աշխատանքն է փոխում։ Նրա ընտանիքում այժմ կինն ու մեծ որդին են աշխատում։ Ստացած գումարով հազիվ հասցնում են տան վարձը վճարել ու հացի խնդիրը լուծել։
Անորոշության մեջ է նաև Փեգի Բապողլյանի ընտանիքը: Չնայած սիրում են հայրենիքը, բայց դեռ չգիտեն, թե որտեղ ի վերջո կհանգրվանեն։
«Ամեն ինչ կախյալ է գործից: Թե որ գործ ունենաս, հանգիստ կյանք ունենաս, շատ լավ երկիր է: Իհարկե, որ տան վարձ ես տալիս` կյանքը այստեղ մի քիչ ավելի թանկ է», – ասում է նա:
Փեգիի ամուսինը Սիրիայից Հայաստան է բերել իր գործը, բայց ծավալները համեմատելի չեն Սիրիայի հետ։
Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնում ասում են, որ Հայաստանը լքող սիրիահայերից շատերը հիմնականում այլ երկիր են տեղափոխվում: Քիչ չեն նաև Հալեպ վերադարձողները, նշում է կենտրոնի ղեկավար Լենա Հալաջյանը։
Սփյուռքի նախարարությունում ասում են, որ իրենց դիմող սիրիահայերից կեսից ավելին մտադիր է մնալ այստեղ: Բայց հայրենիքում հաստատվելու մի պայման կա. եթե այստեղ բնակարան ու աշխատանք ունենան, ասում է նախարարության Մերձավոր և Միջին Արևլքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը:
«Այսօր Հայաստանում մնալու տրամադրվածությունը ավելի շատ է, քան մեկուկես տարի առաջ», – փաստում է նա:
Նախարարության տվյալներով, Հայաստանում գտնվող 11.000 սիրիահայերից աշխատանք ունի հազարը։ Ստեփանյանը նկատում է, որ այս ցուցանիշը այդքան էլ ցածր չէ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ սիրիահայ կանայք հիմնականում չեն աշխատում։
Տարբեր տվյալներով, Սիրիայում է մնացել հայկական 100 հազարանոց համայնքի մեկ երրորդը։ Փակ ճանապարհների պատճառով նրանցից շատերը չեն կարողանում լքել Սիրիան։