ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օգնիր Եղբորդ» հիմնադրամը և Քրիստոնյա բժիշկների ասոցացիան փետրվարի 12-ից՝ սկսած ժամը 12:00-18:00, հինգ օր շարունակ Հայաստանում հաստատված սիրիահայ 500 ընտանիքներին տրամադրելու է պարենային սննդամթերքի օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամի մամուլի ծառայությունից, օգնությունը բաժանվելու է Հայաստանի ազգային սկաուտական շարժման ՀԱՍԿ ՀԿ-ի գրասենյակում՝ Երվանդ Քոչար 17/6 հասցեում:
«Օգնիր Եղբորդ» հիմնադրամը հավատարիմ մնալով իր սկզբունքներին ու նպատակներին՝ շարունակում է իր աջակցությունը սիրիահայությանը և մասնավորապես հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցներին: Այն կրելու է շարունակական բնույթ. ցուցակներում չներառված սիրիահայերը օգնություն ստանալու համար կարող են գրանցվել «Օգնիր Եղբորդ» հիմնադրամի գրասենյակում: