tert.am – Սիրիայից Հայաստան տեղափոխված Րաֆֆի Քորթոշյանը, ով «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի գիտաշխատող է, վերջերս հրապարակել է «Հալեպի արձանագրությունները» գիրքը, որտեղ տեղ են գտել 2500 հայկական արձանագրությունների մասին տեղեկատվություն ու լուսանկարներ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հեղինակը պատմեց, որ գիրքը գրելու գաղափարը ինքը ունեցել է դեռևս 2004թ-ին, երբ Հալեպում էր:
«Գերեզմանոց այցելելիս տապանագրերի վրա գրված ազգանուններն էին ինձ հետաքրքրում, հանգուցյալների ծննդավայրերը, որոնք ներկայացնում են Արևմտյան Հայաստանը: Գրքում տեղ են գտել Արևմտյան Հայաստանի տարբեր անկյուններից` Խարբերդից, Վանից, Էրզրումից, Կիլիկիայից Հալեպ գաղթած արձանագրությունները»,-ասաց նա:
Գրքի աշխատանքները սկսել է 2006թ-ին, երբ բնակություն է հաստատել Հայաստանում, անդամակցել «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» կազմակերպությանը, որի ղեկավար ճարտարապետ Սամվել Կարապետյանն օգնել է գրքի նյութերի հավաքագրման աշխատանքների գործում:
«Տարին մեկ ամիս մեկնում էի Հալեպ ու սկսում աշխատանքները: Հալեպի գերեզմանոցների արձանագրությունները պատկանում են հայկական տարբեր համայնքներին, բերված են Հայոց ցեղասպանությունը վերապրածների կողմից՝ Արևմտյան Հայաստանի տարբեր գյուղերից և գավառներից: Մեծ էր նաև Շահան եպիսկոպոս Սարգսյանի աջակցությունը, ով հակառակ դժվարությունների՝ այնպես արեց, որ ոչ մի արձանագրություն թերի չմնա»,- ասաց Րաֆֆի Քորթոշյանը:
Նա ցավով նշեց, որ այժմ սիրիական պատերազմի պատճառով նույն աշխատանքը 2011 թ.-ից հետո իրականացնել հնարավոր չէ:
«Կան ավերված եկեղեցիներ, որտեղ մենք ունեինք արժեքավոր իրեր, այս պահին դժվար է իմանալ, թե դրանք ինչ վիճակում են, ում ձեռքում են գտնվում: Այս պահին մեր բոլորիս համար այնտեղ, իհարկե, կարևոր է հայ մարդու կյանքը»,-ասաց նա:
Տեղեկացնենք նաև, որ «Հալեպի արձանագրությունները» գրքում ներկայացված են ոչ միայն արձանագրություններ, այլև համառոտ պատմություն, չափագրություններ Արևմտյան Հայաստանի բնակչության թվի, պատմություն, եկեղեցիների մասին: