panorama.am – «Հայրիկ, Հայաստանում շատ լավ է մեր կյանքը: Այ, միայն, եթե կարողանայինք կրիաս բերել… կամ պարզապես մեր Հալեպի տունը պոկեինք, բերեինք Երևան, ես աշխարհի ամենաերջանիկը կլինեի»:

Սիրիահայ Հովհաննես Մուբայեդը որդու` Մայք Վահեի խոսքերն առանց հուզմունքի վերհիշել չի կարողանում: Նախորդ տարվա հուլիսին ընտանիքը եկել էր Երևան` ամառային արձակուրդներն անցկացնելու և հետ վերադառնալու մտքով, բայց պատերազմական իրավիճակը սրվեց և իրենց «գտան Երևանում»:

Հալեպում մասնագիտությամբ մեխանիկ-ինժիներ Հովհաննես Մուբայեդը ղեկավարում էր Երաժշտական դպրոցը: Երևանում այժմ շարունակում է սիրելի գործը` երաժշտական դպրոցներում է դասավանդում:

«Ինչ-որ փորձառություններ այնտեղից հետս բերել եմ, հուսով եմ, որ կկարողանամ փոխանցել: Միևնույն ժամանակ ես այստեղի երաժշտական փորձառությունն ու պրոֆեսիոնալիզմը կվերցնեմ»,- ասում է նա:

Հալեպում սկզբում աշխատում էր իր մասնագիտությամբ, բայց հետո սկսեց խորանալ երաժշտության մեջ. «Աղջիկս ծնվեց, ես որոշեցի իրեն ջութակ սովորեցնել, ինքը մանկապարտեզում նվագում էր, դասընկերների ծնողները զանգահարում էին ինձ, ասում` մենք էլ ենք ուզում մեր երեխաներին սովորեցնես: Այդպիսով իրենց մանկապարտեզում ջութակի անսամբլ ստեղծեցինք: Այդ ժամանակ ես հասկացա, որ մի հատուկ բան կարող եմ անել: Տեսա, որ ես ավելի մեծ հաճույք երաժշտությունից եմ ստանում, աշակերտներիս հետո աշխատելուց»:

Հովհաննես Մուբայեդի դուստրը` Աննա Մարիա Մուբայեդը

Որոշ ժամանակ անց Հալեպում ստեղծում են հայկական կամերային նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն էր: Նվագախումբը շատ համերգներ է ունեցել Հալեպում, Դամասկոսում, Բեյրութում, Հայաստան էլ են եկել: Հիմա պատերազմի պատճառով մասնատվել է խումբը. «Մի մասն այնտեղ գործում է, ոչ մեծ կազմով, բայց փորձում են պահել: Ես Հայաստանում փորձում եմ հավաքել այստեղ հայտնված փոքր բեկորները: Փորձեմ վերականգնել նվագախումբը, այստեղ փորձերի համար տեղի խնդիր կա, բնակարաններում ենք անում, բայց կփորձենք լուծել դրանք»:

Հալեպում թողել ենք ողջ կյանքն ու երազանքները, պատմում է Հովհաննես Մուբայեդն ու հավելում. «Ամենից շատ տունս եմ կարոտում, դպրոցս, ծնողներիս, որ այնտեղ են»:

Երաժիշտը հիշում է Էնշտեյնի խոսքերը. «Տեղափոխվել չի նշանակում, որ դու պայուսակիդ մեջ երկու շոր ես դնում և ուրիշ երկիր ես գնում: Բաներ կա, որ չես կարող տանել` հիշողությունները, ապագայի երազանքները… Ես իմ կյանքն եմ թողել, 41 տարեկան եմ, մեկ ու կես տարի եղավ, որ այստեղ եմ: 41 տարվա կյանքը չէի կարող հետս բերել: Բայց երևի պետք է հաշտվել եղածի հետ, փորձել նոր կյանք հիմնել, նոր երազանքներ ունենալ: Չենք կարող մոռանալ, բայց պետք է նորի մասին էլ մտածել»:

Հովհաննես Մուբայեդը երկու երեխա ունի, զավակներն էլ են երաժիշտ` աղջիկը ջութակ է նվագում, որդին` թավջութակ: «Միշտ ուզեցել եմ իրենց երաժշտական կրթությունն ապահովել, հետո որ ուղին կընտրեն, իրենց գործն է, հոգ չէ, թե այլ ճանապարգհով գնան»:

Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքին օտարության զգացողությունը դեռ չի լքել. «Սիրիայում մեզ օտար էին համարում, որ մենք հայ ենք, գաղութ ենք: Օտարի աչքով էին նայում, բայց որ այստեղ եկանք, դարձյալ նույն վերաբերմունքն է: Հիմա էլ են օտարի աչքով նայում, որ սիրիահայ ենք: Հայ չեն ասում… սիրիահայ եք: Մենք օտար մնացինք»:

Չնայած նման զգացողություններին, Հովհաննես Մուբայեդն այն կարծիքին է, որ արտասահանում ապրող հայերը, ովքեր Հայոց ցեղասպանության հետևանքով են ցրվել աշխարհով մեկ, պետք է հաստատվեն հայենիքում. «Ջարդերից 100 տարի է անցել, մեզ համար ամոթ է մինչև հիմա Սփյուռք ունենալը: Պետք է ինչ-որ կերպ բոլոր հայերին բերել այստեղ, ամեն մեկն իր լուման գա, դնի երկիրը շենացնելու գործում: Դա կարող է լինել փորձառություն, գիտություն, փող… այն, ինչով հաջողություններ ունի օտար երկրում, ներդնի այստեղ»:

Սիրիահայ երաժիշտն իր ապագան կապում է երեխաների հետ: Ասում է, նրանք ավելի հեշտ ու շուտ են ընտելացել Հայաստանի կյանքին. «Ճիշտ է` իրենց այնտեղի կյանքը դեռ փնտրում են, բայց հայրենիքի ջերմությունը, որ գտել են այստեղ, այնտեղ չկա»: