lragir.am – Սիրիահայ Գրիգոր Իսահակյանը Հայաստանում փոքր բիզնես հիմնելու համար ֆինանսավորման կարիք ունի: Նա Հալեպից Հայաստան տեղափոխվել է նախորդ տարեվերջին՝ երկու որդիների և կնոջ հետ: Իր խոսքով՝ ցանկանում է հաստատվել Հայաստանում, սակայն աշխատանքի խնդիր կա:
«Կուզեմ հոս ապրիմ, հայրենիքս կսիրեմ: Հալեպում փուռ ունեի, խմորեղեններ կպատրաստեինք, կյանքս լավ էր: Հայաստանը կսիրեմ, բայց դա չի նշանակում, որ Սիրիան չեմ սիրե: Սիրիան մայրս է»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Իսահակյանը:

Նա մտադիր է Երևանում փոքր խանութ գնել ու առևտրով զբաղվել: Բայց ասում է, որ անհրաժեշտ գումար չունի, քանի որ այստեղ տարածքները շատ թանկ են: Բացի այդ, այստեղ ապրող մյուս սիրիահայերից լսել է, հարկերն են շատ թանկ: «Եթե միջոց մը կա, որ կըրնամ խանութ առնել և կամաց-կամաց փողը փակել, լավ կըլլա: Բանկը պիտի աջակցի, որ գումար տա: Պստիկ խանութ, որ ապրուստս հոգանք»,- ասում է նա:

Սփյուռքի նախարարությունում սիրիահայերի հարցերով ստեղծված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը Lragir.am-ին ասաց, որ Հայաստանի Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի աջակցությամբ Հայաստանում հաստատված սիրիահայերի համար հատուկ դասընթացներ են անցկացվում, որին մասնակցելուց հետո սիրիահայերը կարող են էժան տոկոսադրույքներով վարկեր ստանալ: Նա նշեց, որ այդ դասընթացներին մասնակցողներին վարկերը տրամադրվում են տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով:

«Նախորդ տարի 50 սիրիահայ գործարար ստացան վարկեր, փոքր բիզնեսներ են բացել, այդ սրճարանները, փոքր բիզնեսը այդ գումարներով են բացել»,- ասաց Ֆիրդուս Զաքրյանը: Ինչ վերաբերում է հարկային արտոնություններին, նա ասաց, որ սիրիահայերի համար արտոնություններ նմախատեսված չեն:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող