panorama.am – Սիրիահայ Ծովիկ Կարապետյան Հաջարն ամուսնու և երեխաների հետ շարունակում է ապրել Հալեպում: Զավակներն ուսանող են, իսկ ամուսինը երգիչ Կարո Կոմիտաս Հաջարն է:
Ծովիկի մեծ հայրն պատմական Հայաստանից է՝ Կիլիկիայի Այնթապից, իսկ ամուսինն արմատներով Տիգրանակերտից է:
«Թուրքի ճիրաններից ազատվելով հասել են Հալեպ՝ հույսով, որ մի օր պիտի դառնան իրենց տները… Երկար ժամանակ ապրել են շոգեկառքի կայարանի հարևանությամբ՝ փլատակների մեջ: Այսօր, արդեն 98 տարի է շարունակում ենք ապրել Հալեպում… աշխատեցինք, պահեցինք, պահպանեցինք մեր լեզուն, կրոնը, գիրն ու գրականությունը: Ստեղծեցինք եկեղեցիներ, դպրոցներ, ակումբներ»,- պատմում է Ծովիկը:
Իրենց աշխատասիրությամբ հաստատվում են Սիրիայի տարածքում: Սիրիահայ կնոջ խոսքով՝ հայը միշտ սիրված ու հարգված է եղել արաբ ժողովրդի կողմից, հաճախ օրինակ են ծառայել՝ որպես լավ արվեստագտներ ու վաճառականներ. «Մինչև որ սև ամպի նման անգութ պատերազմը նստեց մեզ վրա»:
Երկու տարի առաջ պայթյուններից Հալեպը ցնցվում է: Ծովիկը շտապում է դպրոց՝ զավակների մոտ… փողոցները լցված էին ծնողներով, ովքեր երեխաներին վերցրել ու վազում էին տուն: Այսօր արդեն այդ պայթյուններից օրական 15-20 անգամ են լսում:
«Սոսկալի օրեր անցկացրեցինք՝ վախով և դողով: Ամենաահռելի վիճակը Հալեպում հինգ ամիս առաջ էր, երբ բոլոր ճամփաները փակվեցին: Ոչ հաց, ոչ դեղորայք, ոչ սնունդ չհասավ մեզ: Բայց, փառք Աստծո, իրար նեցուկ կանգնելով անցկացրեցինք ահավոր անոթիության շրջանը: Մենք՝ մեծերս, կարող ենք դիմանալ նեղությանը, դժվարությանը: Կարող ենք մեզ համոզել, համբերել, սակայն փոքրիկները շատ տուժեցին… պայթյունի, ռումբերի ձայներ… չկա, չկա, չկաներ… Չեմ կարծում ընտելացան, ուղղակի շուտ մեծացան մեր փոքրիկները: Մեզանից այլևս ոչինչ չեն պահանջում»,- ասում է հալեպահայը:
Ծովիկ Կարապետյան Հաջարը նշում է, որ եկեղեցին իր քարոզների մեջ ուժ և համբերություն է ներշնչում: Նաև ակումբներն են գործում՝ բարեգործություններ են անում, ամեն մեկը մի պարտականություն ունի:
«Հոգին սիրեմ հայ երիտասարդների… երբ հաց չունեինք օրերով, տուն առ տուն անվճար հաց էին բաժանում: Իսկ մեր աննման տիկինները ամեն օր ճաշ են պատրաստում կարիքավորների համար: Բա ի՞նչ ասեմ մեր դպրոցների վեհ կեցվածքի մասին… Երբ մեր տներում վառելանյութ չունեինք, դպրոցներն ու ակումբները տաքուկ գիրկ եղան: Հանկարծ արթնացանք և ոտքի ելանք՝ նախաձեռնություններով, պարախմբերով, ցուցահանդեսներով: Հազար ապրի հայ մշակույթը, որ մեր մեջ արթնացրեց ապրելու տենչը»:
Սիրիահայության պատմությունը Սիրիայի մեջ 400 տարի է ձգվում, իսկ Քեսաբ հայաբնակ գյուղը 600 տարվա պատմություն ունի, նկատում է հալեպահայ կինն ու շեշտում. «Մենք ընտելացել ենք հողին, ջրին և արևին: Եթե ստիպված չլինենք ու տեղահան չանեն, շատերը կշարունակեն ապրել Սիրիայում: Հայրենիքը մեր սրտի դրախտն է, մասմաքուր երազ երկիրս է… Որքան էլ սիրտս ուզում է գնալ Հայաստան, ոտքերս մնում են: Սիրիահայության ամենամեծ երազն է, որ ապահով օրերը վերադառնան, վերադառնան բոլոր հարազատները, ամենակարևորը՝ վերադառնա մեր արժանապատիվ կյանքը: Մեր զավակների սիրուն պետք է լինենք պայքարող, ամուր կառչենք կյանքից, թեկուզ քչով՝ ուրախացնենք իրենց»:
Երկու տարի է՝ պատերազմը գողացել է ուրախությունը… Բավարար է, ասում է սիրիահայ կինը. «Սիրիան ինձ համար միայն հող չէ: Սիրիան իմ ծննդավայրն է, հիշատակներս, ինքնությունս, իսկ հայ լինելը հոգիս է ու հպարտությունս»:
10/01/2014