ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական պատերազմի և, հատկապես, այդ երկրում ապրող հայերի վերաբերյալ Հայաստանում տարածվող տեղեկատվության թափանցիկության ապահովման, ինչպես նաև սիրիահայերի առկա հիմնախնդիրների բարձրաձայնման նպատակով «Aleppo Armenians» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Հրաչ Քալսահակյանի նախաձեռնությամբ որոշակի քայլեր են իրականացվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանում հիմնադրված «Խոսքի և մամուլի ազատության քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն»-ի և սփյուռքում լայն տարածում գտած Միջին Արևելքի կայքերից մեկի` www.azad-hye.net-ի միջոցով կտարածվեն տեղեկություններ սիրիահայերի մասին: «Նպատակ ունենք ապահովել տեղակատվության մատուցման թափանցիկություն, որպեսզի Սիրիայում տիրող իրավիճակի մասին տեղեկանաք ոչ միայն միջազգային աղբուրներից, այլև Սիրիայում ապրող հայերից, այդ ձևով ավելի արժանահավատ կլինի ստացվող տեղեկատվությունը»,- ասաց Հրաչ Քալսահակյանը: Նրա խոսքով` Հայաստանում են հավաքվել սփյուռքից մի շարք գործիչներ, ովքեր մտահոգված են բարձրացված հարցերով, և այսօր` հունվարի 13-ին, Սփյուռքի նախարարության հետ սպասվող հանդիպում-քննարման ժամանակ ուշադրության են դարձնելու ինչպես Հայաստանում ապրող սիրիահայերի, այնպես էլ պատերազմական Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների խնդիրների վրա: «Այսօր կայանալիք հանդիպման ժամանակ մենք ցանկանում ենք տեղեկանալ Սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերին, ինչպես նաև դեռ չլուծված հարցերին: Ցանկանում ենք տեսնել, թե որքանով են դրանցում ներգրավված նաև Սիրիայում ապրող հայերը: Եթե հավասարակշռությունը խախտված լինի, մենք կփորձենք նաև ուշադրությունն այդ կողմ հրավիրել` հնարավորության սահմաններում օժանդակելով նաև պատերազման գոտում գտնվող հայերին»,- ասաց Հրաչ Քալսահակյանը:
Վերջին տվյալների համաձայն` Հայաստանում բնակվում է մոտ 11 հազար սիրիահայ: Նրանք բնակարանային և աշխատանքի հարցերով մշտապես կապի մեջ են ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Մոտ երկու տարում ավելի քան 16 հազար սիրիահայ է եկել Հայաստան, իսկ հետո նրանց մոտ 1/3-ը վերադարձել է Սիրիա, մի փոքր մասը` մեկնել Եվրոպա: Աշխատանքի խնդրանքով Սփյուռքի նախարարություն է դիմել 1000-ից ավելի սիրիահայ, և բոլորն ապահովվել են աշխատանքով` հետագայում աշխատանքի հրավիրելով նաև իրենց հարազատներին ու մտերիմներին: