tert.am – Սիրիահայերի ակտիվիստների խումբը, ովքեր Հայաստանում միմյանց հետ ավելի շատ շփվում են ֆեյսբուքյան տիրույթում, հավաքվել են Սփյուռքի նախարարությունից պարզաբանում խնդրելու, թե սիրիահայերին տրամադրվող նպաստը որքանով է ճիշտ ու թափանցիկ բաշխվում։

Խմբի 4 կառավարիչները (ի դեպ, բոլորն էլ Հալեպից են) այսօր ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու սիրահայերի խնդիրները։

Ռոբերտ Սուլահյանը, ով արդեն մեկ տարի է փոխադրվել է Երևան և աշխատում է «Ռաֆայել» բժշկական կենտրոնում, նշեց, որ սիրահայերի խնդիրներով զբաղվող շուրջ 40 խմբի մի մասը միավորվել է և այսօր գործում է «Հալեպահայեր» (Armenians of Aleppo) անվան ներքո։

«Ձեռնարկեցինք հավաք՝ հրավիրելով բոլոր մնացյալ խմբերին, Սփյուռքի նախարարությունը ընդառաջեց առաջարկին և այսօր նախարարությունը կքննարկի մտահոգող հարցերը։ Շատ կարևոր հարցեր են սիրիացիների նպաստների թափանցիկությունը, քանի որ բողոքներ շատ կան, թե ինձ չհասավ, գրպանում են և այլն, մենք էլ պահանջեցին ՀՀ իշխանություններին ներկայացնել, ովքեր էլ ընդառաջեցին, որ ամեն ինչ թվերի տեսքով ներկայացնեն հանրությանը»,- ասաց նա։

Ըստ նրա՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերին հիմնական օգնությունը ցուցաբերում է նախարարությունը՝ պետության միջոցներով, իսկ Սիրիայում մնացած հայերին՝ այնտեղ ստեղծված մարմնի կողմից, որտեղ գումարները հավաքվում են տարբեր հանգանակություններով։

Ռոբերտ Սուլահյանը նշեց, որ նախարարությունում հաշվառված է Հայաստան տեղափոխված շուրջ 11 հազար սիրիահայ, չնայած չհերքեց, թե հնարավոր է ընտանիքներ լինեն, որ գրանցված չլինեն։ 11 000-ից 3 000-ը հաշվառվել է որպես առավել կարիքի մեջ ապրող, իսկ Սիրիայից այլ երկներ է գաղթել շուրջ 9 000 սիրիահայեր։ Պատերազմող Սիրիայում մնացել է շուրջ 30-40 հազար հայ։

Սաուդյան Արաբիայում որպես վիրաբույժ աշխատող Վազգեն Պերղուդյանը նշեց, որ տրվող օգնությունը բավական մեծ գումար է։ «Օրինակ՝ միայն 3 000 կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ամսական պարեն է տրամադրվում, որի արժեքը կազմում է 30 դոլար, այնպես որ միայն պարենի մասով տարեկան մեկ մլն դոլար կլինի»,- ասաց նա։

Հալեպահայերի համար պարզ չէր նաև նախորդ տարի «Համահայկական հիմնադրամի» կողմից սիրիահայերին օժանդակելու 2 մլն դոլարը ինչպես է բաշխվել։

«Քննադատական խոսքեր շատ եղան, թե ուր գնաց 2 մլն-ը, հույս ունենք, որ նույնպես կներկայացվի, հնարավոր է ծախսված է և ոչ թե մղսված, բաց պետք է պարզաբանումներ լինեն»,- ասաց նա։

Նրանք նշեցին, որ սիրիահայերի համար աշխատանքի հարցն է ամենից կարևորը։ «Եկողների զգալի մասը կարող է աշխատել, ունի արհեստ, շատերը նրանց մեջ զարգացած են, ուսանած են, տարբեր մասնագիտություններ ունեն, կարող են պետությանը օգտակար լինել»,- ասաց նա և նշեց, որ շատ են նաև բնակարանի խնդիրներ ունեցողները։