ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ծայրահեղ արմատական խմբավորումների կողմից առևանգված հայր և որդի Հովհաննես և Մինաս Լևինյանները սպանվել են: Այս մասին «Արմենպրես»-ին ցավով տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից: Նրանք չորս ամիս և չորս օր պահվում էին գերության մեջ:

Վերջին օրերին համացանցում շրջանառվում էր մի լուսանկար, որում իբր սպանված Մինասն է: Բերիո թեմի ազգային առաջնորդարանը ճշտեց տեղեկությունը եւ հայտարարեց, որ լուսանկարում Մինասը չէ: Նրա եւ նրա հոր առեւանգման, փաստը, սակայն հաստատվեց:

Հրապարակված լուսանկարում երիտասարդի հագուստի վրա երևում էր ավետարանական դրոշմ: Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցու համայնքապետ վերապատվելի Հարություն Սելիմյանը այդ առիթով նշել է, որ սպանված երիտասարդը հայ չէ, այլ ընդդիմադիր զինյալներից մեկն է: Նա նաև տեղեկացրել է, որ ավետարանական համայնքը Բեթել վարժարանի սաների համար եկեղեցու դրոշմով վերարկուներ էր կարել: Զինված բախումների ընթացքում ընդդիմադիր զինյալները պահեստից մոտ 1000 վերարկու էին գողացել և, ամենայն հավանականությամբ, ցուրտ եղանակային պայմաններում դրանք հագել են: