ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերիո թեմի ազգային առաջնորդարանը հաստատել է, որ օրեր առաջ համացանցում տարածված սպանված երիտասարդի լուսանկարում սիրիահայ Մինաս անունով երիտասարդը չէ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը՝ ավելացնելով, որ երիտասարդի հետ կապված դեպքն անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել: Նա նաև տեղեկացրեց, որ առևանգված հայերի թվում Մինաս անունով հայ երիտասարդ կա, սակայն հրապարակված լուսանկարը նրանը չէ:
Ավելի վաղ համացանցում լուրեր էին շրջանառվում, որ Հալեպում հայ երիտասարդ է սպանվել իսլամ չընդունելու պատճառով: Հրապարակված լուսանկարում երիտասարդի հագուստի վրա երևում էր ավետարանական դրոշմ: Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցու համայնքապետ վերապատվելի Հարություն Սելիմյանը այդ առիթով նշել է, որ սպանված երիտասարդը հայ չէ, այլ ընդդիմադիր զինյալներից մեկն է: Նա նաև տեղեկացրել է, որ ավետարանական համայնքը Բեթել վարժարանի սաների համար եկեղեցու դրոշմով վերարկուներ էր կարել: Զինված բախումների ընթացքում ընդդիմադիր զինյալները պահեստից մոտ 1000 վերարկու էին գողացել և, ամենայն հավանականությամբ, ցուրտ եղանակային պայմաններում դրանք հագել են: