ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում իրացվող ոսկե զարդերը պետք է դրոշմանշված լինեն: Այն զարդերը, որոնք նախատեսված են արտահանման համար, կարող են չկրել «Սասունցի Դավիթ» հարգադրոշմը։ Այս մասին ոսկերիչների և ոսկու առևտրով զբաղվողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը՝ պատասխանելով սիրիահայ ոսկերչի այն հարցին, թե հնարավոր է որպես արտոնություն թույլատրվի որոշ ժամանակահատված վաճառել առանց դրոշմակնիքի զարդեր։
Խալիկյանը հիշեցրեց օրենքի այն կետը, որով արգելվում է առանց հարգադրոշմի զարդեր վաճառել, սակայն խոստացավ ժամկետների հարցում ընդառաջ գնալ սիրիահայերին։ «Սակայն պետք է հաշվի առնենք նաև այն, որ մի քանի տնտեսվարողներին արտոնություններ տալը կարող է վնասել մյուս տնտեսվարողներին։ Բացի դրանից, պետք է պաշտպանել նաև գնորդի շահերը։ Տեսչությունն այստեղ դեռ մեծ գործ ունի անելու։ Սպառողը պետք է վստահ լինի, որ իր գնած ոսկյա զարդը համապատասխանում է հարգադրոշմի վրա արված գրառմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Խալիկյանը։ Նա բոլոր սփյուռքահայ ոսկերիչներին հրավիրեց նախարարություն, որտեղ նրանք կփորձեն լուծումներ գտնել նշված խնդիրների համար։
Տեսչության թանկարժեք մետաղների վերահսկողության բաժնի պետ Գևորգ Գյոզալյանն էլ հավելեց, որ կան հստակ կանոններ, որոնց դեպքում ոսկին չի հարգանշվում։ «Դրոշմանշումը չի վերաբերում 1 գրամից պակաս քաշ ունեցող ոսկուն, 3 գրամից պակաս արծաթին և այն իրերին, որոնք իրենցից արվեստի արժեք են ներկայացնում: Մյուս դեպքերում դրանք պետք է հարգանշվեն»,- ասաց Գյոզալյանը։
Հանդիպմանը ներկա էր նաև Սփյուռքի փոխնախարար Վահե Ջիլավյանը, ով տեղեկացրեց, որ նախարարությունը Հայաստանում իրենց բիզնեսը սկսած բոլոր սփյուռքահայերին ծանոթացրել է գործող օրենքներին։ «2012 թվականից, երբ սկսվեց սփյուռքահայերի մեծ հոսքը դեպի Հայաստան, Սփյուռքի նախարարությունը այլ գերատեսչությունների հետ փորձեց սիրիահայերին ծանոթացնել Հայաստանի բիզնես միջավայրին, գործող օրենքներին ու կարգերին։ Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը ևս իր աջակցությունն է հայտնել բոլոր սիրիահայերին տեղեկացնելու ապրանքների որակների, «ստարտափների» և գործարարությանը վերաբերող բոլոր օրենքներին»,- ասաց Ջիլավյանը։
Նման հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունը առաջացել էր այն բանից հետո, երբ Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա կազմակերպեցին՝ դժգոհելով տեսչության անցկացրած ստուգումներից հետո սահմանված տուգանքներին։ Ոսկու վաճառքով զբազվողները պնդում էին, որ տուգանքներն անտեղի էին և սխալ հասցեագրված։