tert.am – Օրերս Սիրիայում հայերի շրջանում նորանոր զոհեր արձանագրելու ֆոնին Khabariarmani արաբալեզու կայքը ի մի է բերել Սիրիայի հակամարտության ընթացքում զոհված հայերի թիվը: Աղբյուրը վկայակոչում է նաև Azdak Daily-ին, Եռագույնին և iNews-ին:

Ըստ այդմ` ս/թ նոյեմբերի 14-ի դրությամբ 2011թ.-ի մարտից ի վեր, երբ սկսվեց Սիրիայի ճգնաժամը, զոհվել է 65 սիրիահայ: Սիրիական բանակի կազմում զոհվել է 15 հայ զինծառայող:

Վիրավորների թիվը հասել է 179-ի: Այդ ընթացքում նաև 110 սիրիահայ է առևանգվել, 2 հոգի անհետ կորած է համարվում:

Սիրիայի քաղաքների միջև բաշխմամբ` ամենից շատ զոհեր եղել են Հալեպի համայնքում, որն ամենահայահոծ համայնքն էր՝ 46 հոգի: Զոհերի թվով հաջորդը Դամասկոսն է, ապա Կամիշլին, Քեսաբը, Լաթաքիան:

Բացի մարդկային կորուստներից՝ սիրիահայ համայնքը նաև նյութական էական վնասներ է կրել։ Բախումների ընթացքում վնասվել են հայկական եկեղեցիներ, դպրոցներ, բնակարաններ, խանութներ, արհեստանոցներ։

Վնասված եկեղեցիների թվում են Հալեպի Սուրբ Գևորգ եկեղեցին, որը հրկիզել էին զինյալ ծայրահեղականները։

Բախումների ընթացքում էական վնասներ է կրել նաև Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին, Մեծ եղեռնի նահատակների հուշահամալիրը։

Ռաքքայի հայկական եկեղեցին իսլամիստ ծայրահեղականները պղծել էին՝ խաչը հանելով և փոխարենը «Ալ Կաիդային» հարող ահաբեկչական խմբավորման դրոշը տեղադրելով։

Վերջերս հրկիզվել էր նաև Թուրքիայի հետ սահմանամերձ Թել Աբիաթ բնակավայրի հայկական եկեղեցին։

Ականի հարվածից նյութական վնասներ էր կրել նաև Հալեպում 15-րդ դարում կառուցված Քառասուն մանկանց հայկական եկեղեցուն կից գտնվող Առաջնորդարանի նախկին շենքը։

Հատկապես Հալեպի և Դամասկոսի հայկական թաղամասերը հաճախ են ականանետերի թիրախում հայտնվում։ Ընդամենը մի քանի օր առաջ հրթիռակոծվել էր Հալեպի հայաշատ Վիլլաներ թաղամասը, որտեղ ի թիվս այլ տուժածների՝ 5 հայեր էին վիրավորվել։

Անցնող շաբաթվա ընթացքում զոհվել էր նաև մի հայ վարորդ։

Դամասկոսում ևս անցյալ շաբաթ լարվել էր իրավիճակը հայկական թաղամասերի մոտակայքում։ Հայկական վարժարանի մոտակայքում պայթած ականի հետևանքով զոհվել էին երկու հայ դպրոցականներ։

Սիրիահայ համայնքն էլ, սիրիացի ժողովուրդի պես, նյութական և հոգեկան ծանր դրության մեջ է հայտնվել։ Հատկապես Հալեպում էլեկտրաէներգիայի մշտական խափանումների, բջջային և քաղաքային հեռախոսակապի վատ աշխատանքի (հաճախ օրերով չաշխատելու), համացանցի անջատումների պատճառով մարդիկ հաճախ երկար ժամանակով կտրվում են արտաքին աշխարհից։

Աննախադեպ գնաճը, հացի, սննդամթերքի, դեղորայքի բացակայությունը՝ համատարած գործազրկության պայմաններում, դժվարացնում են տարրական ապրուստի միջոցների հայթայթումը։

Շաբաթներ շարունակ Հալեպից հարակից գրեթե բոլոր ճանապարհները փակ էին, և երկրի տնտեսական մայրաքաղաք մուտք գործելը, անհրաժեշտ մթերք հասցնելն անհնար էր դարձել։ Քաղաքից դուրս գալ ևս հնարավոր չէր։

Այժմ, թեև ճանապարհների մի որոշ մասը բաց է, սակայն կյանքն այստեղ շարունակում է չափազանց թանկ մնալ, իսկ ճանապարհները զերծ չեն վտանգներից։ Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Բեյրութից Հալեպ ուղևորվող երկու ավտոբուս կանգնեցվել և կողոպտվել են։

Օդային հաղորդակցության բացակայության պատճառով հայերը Հայաստան գալու համար օգտագործում են Հալեպ-Դամասկոս-Բեյրութ ճանապարհը և օդանավով հասնում հայրենիք. ցամաքային ճանապարհը վտանգավոր է՝ թուրք-սիրիական սահմանին շարունակվող բախումների պատճառով։

Սիրիայում մնացած հայերի ստույգ թվի շուրջ հակասական տեղեկություններ կան։ Հայտնի է միայն, որ մոտ 10.000 սիրիահայ այժմ բնակվում է Հայաստանում, փոքր-ինչ ավելին՝ Լիբանանում։ Հարյուրավոր սիրիահայեր տեղափոխվել են Եվրոպա։