news.am – Պոլիոմելիտի կասկածելի դեպքեր Սիրիայում. սիրիահայերին խորհուրդ է տրվում դիմել պոլիկլինիկաներՀոկտեմբեր 30, 2013 | 11:30
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն` Սիրիայի Դեր-ալ–Զոր նահանգում գրանցվել է պոլիոմիելիտի կասկածով խմբակային հիվանդացման դեպքեր: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում երկուսի մոտ հնարավոր է հաստատվի «վայրի» պոլիովիրուսի առկայություն: Դեպքերի մեծամասնությունը մինչեւ երկու տարեկան երեխաներ են, որոնց մոտ առկա է սուր թորշոմած կաթվածահարություն` պոլիոմիելիտի ախտանշաններից մեկը: Սիրիայի արեւելյան նահանգում մինչեւ հինգ տարեկան ավելի քան 100 հազար երեխա պոլիովիրուսներով վարակվելու ռիսկ ունեն:
Պոլիոմիելիտը կայուն հաշմանդամություն առաջացնող անբուժելի հիվանդություն է: Այն կարող է կանխարգելվել միայն պատվաստումների միջոցով: Պոլիովիրուսն ախտահարում է նյարդային համակարգը` ժամերի ընթացքում առաջացնելով կաթվածահարություն: Հիվանդությունը համարվում է էնդեմիկ Նիգերիայում, Պակիստանում եւ Աֆղանստանում, սակայն եզակի դեպքեր հանդիպում են նաեւ այլ երկրներում:
Սիրիայի հարեւան երկրներում պլանավորվում է իրականացնել պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումների կամպանիա` հիմնական ուշադրությունը դարձնելով փախստականներին:
Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երկրներին ուղղված արագ արձագանքման կոչը, ինչպես նաեւ սիրիահայ մեր հայրենակիցների ներգաղթը Հայաստանի Հանրապետություն, երկրում պոլիոմիելիտի ներկրումը եւ հետագա տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներգաղթած մինչեւ 15 տարեկան սիրիահայ մեր հայրենակիցներին դիմել բնակության վայրի ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններին հիվանդության վաղաժամ հայտնաբերման, պոլիոմիելիտի դեմ անվճար պատվաստումներ եւ խորհրդատվություն ստանալու համար: