ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում սիրիական կառավարական ուժերի բացած Խանասերի ճանապարհի շնորհիվ վերականգվել է սննդամթերքի և վառելանյութի մատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը` նշելով, որ քաղաքի կենցաղային և ապահովության պայմանները շարունակում են ծանր մնալ: «Մեկուկես ամիս է` չեն գործում հաղորդակցության միջոցները, այդ թվում` արտաքին հեռախոսակապը: Գործում է միայն ներքին հեռախոսակապը: Վերջին օրերին վերականգնվեց համացանցին հասանելիությունը: Սիրիայի հարցի առնչությամբ չնայած արտաքին հարաբերություններում դրական տեղաշարժ կա, բայց ներքին վիճակը հատկապես Հալեպում և դրա շրջակայքում շարունակում է մնալ անապահով»,- ասաց նա: Զարմիկ Պողիկյանը հայտնեց, որ, ի հեճուկս ծանր պայմանների` հայկական վարժարանները սկսել են իրենց ուսումնական տարին և բարեհաջող գործում են: «Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանի ջանքերով նշվեց Հայաստանի Հանրապետության 22-ամյակը: Առաջիկա օրերին Հալեպի Նոր Գյուղ շրջանի վտանգավոր գոտում հայտնված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի կունենան Թարգմանչած տոնին նվիրված արարողություններ եւ աշակերտական ձեռնարկներ»,- նշեց Զարմիկ Պողիկյանը:
ՄԱԿ-ի տվյալներով` ավելի քան երկու տարի ձգվող սիրիական պատերազմի հետեւանքով մինչև 2013 թ. ապրիլ մահացել է ավելի քան 100 հազար մարդ: Սիրայում ներքին գաղթականների թիվը 4.5 միլիոն է, իսկ մոտակա երկրներում փախստականների թիվը ՄԱԿ-ի վերջին տվյալներով գերազանցում է 2 միլիոնը: Կառավարական զորքերը փորձում են Հալեպն ազատագրել ընդդիմադիրներից: Գրեթե ամեն օր թեժ մարտեր են ընթանում, պայթյուններ ու հրթիռակոծություններ են լինում, որոնց ժամանակ տուժում է խաղաղ բնակչությունը, այդ թվում` հայերը: Հալեպն արդեն մոտ երկու ամիս էր` շրջափակման մեջ էր, քաղաքը զրկված էր հեռահաղորդացման միջոցներից: