ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակի երկարատև պայքարի արդյունքում, Հալեպի ճանապարհի բացումից հետո, հոկտեմբերի 10-ին առաջին անգամ ավտոբուսներ են դուրս եկել երթևեկության: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ բացի Հալեպն արտաքին աշխարհին կապող ավտոբուսային երթևեկությունից, սկսվել է քաղաք անհրաժեշտ դեղամիջոցներ, մթերքներ և այլ անհրաժեշտ պարագաների ներկրումը: Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է, սիրիական բանակը մաքրել է Խանասիր գյուղը զինյալներից՝ բացելով Հոմս-Հալեպ ճանապարհը: Մի քանի օր շարունակ բանակն աշխատանքներ է տարել՝ մաքրելով ճանապարհը ականներից, և միայն այժմ, այն անվտանգ հայտարարվելուց հետո ճանապարհը բացվել է երթևեկության համար:

Աղբյուրը նաև տեղեկացրեց, որ հայաշատ Հալեպում հոկտեմբերի 9-ին վերականգնվել է մեկ ամսից ավելի չգործող համացանցը: Դրան հակառակ, երեկ կեսօրից գրեթե ամբողջ քաղաքում դադարեցվել է էլեկտրամատակարարումը:

Աղբյուրը, քաղաքում տիրող ընդհանուր իրավիճակին անդրադառնալով, նշեց, որ հայկական թաղմասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, միջադեպեր չեն գրանցվել, չնայած մերթընդմերթ հրասանդի և թնդանոթի ձայներ են լսվում:

ՄԱԿ-ի տվյալներով, 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը: Բացի այդ, զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը, մի քանի հայեր շարունակում են առևանգված մնալ: