yerkirmedia.am – Սիրիայում շարունակվում է խորը ճգնաժամային իրավիճակը, որից ելք, կարծես թե, չի նշմարվում: Ամենամեծ ազդեցությունը զգում է Լիբանանը, որտեղ լույս տեսնող “Ազդակ” օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանն մամուլի ասուլիսում այսօր նշել է, որ Լիբանանում եւս տեղի են ունենում տարբեր բախումներ, անհնազանդության դրսեւորումներ, բայց դրանք սահմանափակ միջադեպեր են, քանի որ այն նույն ուժերը, որոնք բախումներ են նախաձեռնում, չեն արտոնում ակտիվ բախումները:

Շահան Գանտահարյանի խոսքով, Սիրիայի հայ համայնքը եւս ծանր խնդիրների առջեւ է: Համայնքի մի մասը` 7-8 հազար մարդ, մեկնել է Լիբանան, շուրջ 10 հազար հայրենակից եկել է Հայաստան, որտեղ թեեւ նրանց խնդիրները աստիճանական լուծում են ստանում, սակայն չկա համակարգված մոտեցում, որպեսզի սիրիահայը չմտածի երրորդ երկիր գնալու մասին:

Սիրիայից հայերի արտահոսքն այժմ դադարել է, քանի որ Հալեպից դուրս գալը բավական դժվար է. կան առեւանգումներ, անհետ կորածներ, սպանության դեպքեր: Անգամ մարդասիրական օգնություն հասցնելը չափազանց դժվար է:

“Դամասկոսում իրավիճակը հայ համայնքի համար բավականին հանգիստ է, արվարձաններում է իրավիճակը խառը: Խնդիրը Հալեպում է, որտեղ ներս ու դուրս անել չեն կարողանում”,- ասաց Գանտահարյանը: