yerkirmedia.am – Միացյալ ազգերի կազմակերպությունը Հայաստանում սիրիահայերի պարենային օժանդակության նոր ծրագիր կիրականացնի: Այս մասին “Արմենպրեսի” հետ զրույցում ասաց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի փոխտնօրեն Ալեքսան Քարադանայանը` տեղեկացնելով, որ ՄԱԿ-ի ամենամսյա ծրագիրը շուտով կմեկնարկի, և դրա շրջանակում Հայաստան տեղափոխված յուրաքնաչյուր սիրիահայի կհատկացվի 16 կգ քաշով պարենային զամբյուղ:
“Կլինի բուսական ձեթ, բրինձ, մակարոն և առաջին օգտագործման պարենամթերք”,- նշեց կենտրոնի փոխտնօրենը:
Սիրիայում տիրող քաղաքական ճգնաժամի պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայերը ՄԱԿ-ի կողմից դրամական օգնություն չեն ստանում, քանի որ նրանք Հայաստանում գրանցված չեն որպես փախստականներ:
ՄԱԿ-ը Լիբանան տեղափոխված սիրիացիներին տրամադրում է ամսական 30 ԱՄՆ դոլար, սակայն, ինչպես նշեց Ալեքսան Քարադանայանը, սիրիահայերը Հայաստանում ստացան հայկական անձնագրեր և համարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
“ՄԱԿ-ը Լիբանան տեղափոխված սիրիացիներին տրամադրում է ամսական 30 ԱՄՆ դոլար, քանի որ նրանք այդ երկրում ապրում են փախստականի կարգավիճակում: Հայաստանում սիրահայերն իրենց հայրենիքում են և կարող են օգտվել այն բոլոր հնարավորություններից, որոնք ստեղծված են հայաստանաբնակ հայերի համար”,- ասաց Ալեքսան Քարադանայանը:
Նա տեղեկացրեց, որ սիրիահայերի մի մասն այստեղ ունի սեփական բնակարան: Ովքեր
ապահովված են ֆինանսապես, կարողանում են վարձակալել, իսկ ֆինանսապես անապահով սիրիահայերի համար պետությունն անվճար հիմունքներով հատկացրել է բնակելի տարածքներ, որոնք գտնվում են Երևանի արվարձաններում:
Այս պահին Հայաստանում ապրում է շուրջ 10 հազար սիրիահայ: Նրանք բնակարանային և աշխատանքի հարցերով մշտապես կապի մեջ են ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Վերջին շրջանում նրանք Հայաստան են գալիս ոչ թե Սիրիայից, այլ Լիբանանից, քանի որ փակ են բոլոր ճանապարհները:
Մեկուկես տարվա ընթացքում 15 հազար սիրիահայ է եկել Հայաստան, նրանցից ավելի քան 5 հազարը վերադարձել է Սիրիա, իսկ մի չնչին մասը` Եվրոպա: Աշխատանքի խնդրանքով Սփյուռքի նախարարություն է դիմել շուրջ 1000 սիրիահայ, որոնք բոլորն էլ
ապահովվել են աշխատանքով։