yerkirmedia.am – Հայրենիքում պատերազմի պատճառով հաստատված սիրիահայերի համար, արդեն մեկ տարի է, ինչ գործում է Սիրիահայերի խնդիրները կարգավորող կենտրոնը: Կենտրոնի աշխատանքները սկսվեցին շատ հապճեպ, երբ այստեղ էին տեղափոխվում մեծ թվով սիրիահայեր`ամենատարբեր խնդիրներով, ուստի կենտրոնի պաշտոնական բացումը կատարվում է մեկ տարի հետո:

Այսօր հայրենիքում ավելի քան 11 հազար սիրիահայ է ապրում: Կեցություն, աշխատանք, կրթություն… նրանց խնդիրները տարբեր են: Կենտրոնի համար, սակայն, այսօր առաջնային է Նոր Հալեպ թաղամասի շինարարական աշխատանքի ընթացքը: Բարերարների օժանդակության անհրաժեշտություն կա:
Նոր Հալեպը ավելի քան 600 սիրիահայ ընտանիքի կեցության հարց կլուծի:

“Այս պահին մեզ համար առաջնային են Նոր Հալեպի շինարարարական աշխատանքները: Աջակիցների, բարերարների կարիք ունենք”,- ասաց Սիրիահայերի հիմնախնդիները համակարգող կենտրոնի նախագահ Լենա Հալաճյանը։

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ողջունելով կատարվող աշխատանքները, եւս մեկ անգամ ընդգծում է՝ սիրիահայերը շարունակելու են զգալ մայր հայրենիքի աջակցությունը:

Կենտրոնի աշխատանքներն ամփոփելուց հետո սիրիահայերի խնդիներով զբաղվող կառույցների ներկայացուցիչներին սպասում էին արդեն սիրիահայ ուսանողները: Նրանք կրթավճարի փոխհատուցման վկայագրեր ստացան Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, Գյուլբենկյան հիմնադրամի եւ կառավարության կողմից:

Արփին, արդեն մեկ տարի է՝ հայրենիքում է: Ապագա ճարտարապետ է: Ասում է՝ իրենց համար սա մեծ օգնություն է: Այստեղ ծախսերը շատ են, միջոցները՝ քիչ, ուստի մտածում է աշխատանք գտնելու մասին:

Լյուսին մասնագիտական ընտրությունը դեռ Հալեպում է կատարել: Ասում է՝ որոշել էր կրթություն ստանալ Դամասկոսում, բայց որոշումն էլ շատերի պես մի վայրկյանում փոխվեց պատերազմի պատճառով: Ընտանիքի մի մասը տեղափոխվեց Երեւան, եւ նա հիմա Պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող է: Դժվարությունները շատ են, լեզվի խնդիր կա, բայց որոշել է՝ լավ է սովորել:

Լավ սովորել եւ լավ մասնագետ դառնալ՝ ուսանողներին հորդորեցին նաեւ նրանց այս տարվա հովանավորները: Սա, սակայն, միակ հորդորը չէր. նրանք ուսանողներին կոչ արեցին այլեւս չմտածել հայրենիքից հեռանալու մասին, խորհուրդ տվեցին չծխել, եւ երբ ապագայում կազմեն իրենց ընտանիքը, ունենան երեքից ավելի փոքրիկ, ու ամենակարեւորը՝ հայկական անուններով: