yerkirmedia.am – Սիրիայի ընդդիմադիր զինյալները հարձակում են գործել Դամասկոսի Ալ Քասսաա թաղամասի վրա, որտեղ բնակվում են հիմնականում քրիստոնյաներ, այդ թվում՝ հայեր: Այս տեղեկությունը հաստատեց Դամասկոսի մեր թղթակից Նորա Արիսյանը:

Տասնյակ ռումբերի պայթյունների հետեւանքով վիրավորվել է երկու հայ: Տուժածներն են մայր եւ որդի Միրնա եւ Նազարեթ Թորոսյանները: Վերջիններն արդեն հոսպիտալացվել են, բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն:

Տեղեկացնենք նաեւ, որ Սիրիայում եւ նրա սահմաններից դուրս շարունակվում է շրջանառվել երկրում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունը: Վերջին տվյալների համաձայն՝ դրա հնարավոր կիրառման հետեւանքով մահացել է շուրջ 1300 մարդ: Ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, իսկ իշխանությունը հերքում մեղադրանքը:

ՄԱԿ-ի ԱԽ քիմիական զենքի կիրառման առնչությամբ հետաքննություն սկսելու կոչ է արել: Հետաքննելու պահանջ են ներկայացրել մասնավորապես Թուրքիան եւ Ֆրանսիան: Ավելին, ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ պետք է ուժի դիմել, եթե տեղեկատվության հավաստիությունն ապացուցվի: Թե ի՞նչ ուժի մասին է խոսքը, Ֆաբիուսը չի մանրամասնել, բայց ընդգծել է, որ հնարավոր չէ ուղարկել ցամաքային զորքեր: