ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը օգոստոսի 23-ին Կասկադում կկազմակերպի հայ-սիրիական երաժշտական փառատոն, որին կմասնակցեն Հայաստանի սիրիահայ համայնքի ներկայացուցիչները:
«Սիրիահայերի շրջանում կան շատ տաղանդավոր անհատներ. մոտ 10 հազար սիրիահայերից 5 հազարն ինչ-որ տաղանդով են օժտված: Նրանց հաջողությունները խթանելու և ինտեգրման քայլեր կատարելու նպատակով մենք որոշեցինք կազմակերպել այս միջոցառումը: Համերգին կներկայացվի պարային, երաժշտական և ասմունքի 30 համար: Փառատոնին կմասնակցի նաև «Նուռ» համույթը և երգչուհի Զարուհի Բաբայանը»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը:
Այդ գրասենյակը հուլիսին կազմակերպել էր բասկետբոլային խաղ-միջոցառում` նվիրած Փախստականների համաշխարհային օրվան, որին ևս մասնակցեցին բազմաթիվ սիրիահայեր: