yerkirmedia.am – Օգոստոսի 3-ին ավարտվեցին Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ մարզախաղերը: Այս տարի դրանց մասնակցում էր 650 մարզիկ 16 երկրից: 7 օրյա պայքարը լարված էր. մրցումներն ավարտվել են ու շատ մարզիկներ արդեն վերադարձել են իրենց երկրներ հաղթանակած՝ մեդալներով ու գավաթներով: Չնայած մեծ դժվարություններին՝ խաղերին հաջողությամբ մասնակցեց նաեւ Սիրիայի պատվիրակությունը:
Ի տարբերություն շատ մարզիկների, որոնք առաջին անգամ էին հայրենիքում, Սիրիայի ներկայացուցիչներն, արդեն ամիսներ է, ինչ Հայաստանում են: Անձնական ու թիմի հաջողությունից առավել նրանք Սիրիայի դրոշը բարձր պահելու համար են պայքարում:

Կանադայի հետ խաղում սիրիահայ բասկետբոլիստները պարտվում են, բայց մարզիչը դժգոհ չէ, պատճառը բոլորը գիտեն: Այս մարզախաղերին հոմենըթմենականները սովորաբար ամիսներ են պատրաստվում: Սիրիահայ մարզիկները դրա ժամանակն ու հնարավորությունը չունեին:

Փորձառու շատ ՀՄԸՄ-ականներ հնարավորություն չունեցան մասնակցելու խաղերին: Սիրիայի պատվիրակությունը կազմված էր Հայաստան տեղափոխված մարզիկներից, որոնք մրցում էին 7 մարզաձեւում՝ Ֆուտբոլ, բասկետբոլ, թեթեւ ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, լող, շախմատ:

Խաղերը սիրիահայերն ամփոփում են 7 ոսկե, 6 արծաթե եւ 7 բրոնզե մեդալներով: Սիրիայի պատվիրակության ղեկավարն ասում է՝ չնայած անպատրաստ լինելուն, պարգեւներն այս մարզախաղերին ավելի շատ էին:

Սիրիահայ մարզիկները գոհ են իրենց մասնակցությունից, ոգեւորված՝ մեդալներով: Բայց հավատում են, որ ՀՄԸՄ-ական 10-րդ մարզախաղերից հետո հաղթանակներով կվերադառնան իրենց արդեն խաղաղ երկիր: