ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում հուլիսի 27-ից օգոստոսի 6-ը իրենց ամառային հանգիստն անցկացնող 160 սիրիահայ երեխաներն այսօր հրաժեշտ են տվել Աղավնաձորին ու ճամբարին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախօրեին կազմակերպված հրաժեշտի խարույկին ներկա են եղել ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը, «Կիլիկիա» վարժարահի տնօրեն Նորա Փիլիպոսյանը, սիրիահայ երեխաների ծնողներ:

Սիրիահայ երեխաներն ասմունքել են, երգել ու պարել, իսկ հրաժեշտի խարույկի շուրջ նրանք միասնական շուրջպար են բռնել: Միջոցառման վերջում UNICEF կազմակերպության կողմից սիրիահայ երեխաներին հանձնվել են փոքրիկ հուշանվերներ:

«Արի տուն» ճամբարում սիրիահայ երեխաների հանգիստն անց է կացվել ՀՀ սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի, UNICEF, Save the Children կազմակերպությունների նախաձեռնությամբ ու աջակցությամբ:

Հուլիսի 4-ին կնքված Փոխըմբռման հուշագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն՝ UNICEF, Save the Children և Word Vision կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների հետ համատեղ իրականացնում են «Սիրիահայ երեխաների հոգեբանասոցիալական բարեկեցության աջակցության ծրագիր»: Հուշագրի համաձայն իրականացվում է 10-օրյա ճամբարային հանգիստ՝ ընդհանուր առմամբ 235 երեխայի համար. UNICEF-ի հովանավորությամբ հանգստանում է 10-14 տարեկան 100 երեխա, Save the Children կազմակերպության հովանավորությամբ՝ 9-14 տարեկան 80 երեխա և Word Vision-ի հովանավորությամբ՝ 11-17 տարեկան 55 երեխա և պատանի: