ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպից Երևան եկող ավտոբուսի առեւանգված հայ ուղեւորներից դեռեւս տեղեկություն չկա: Առեւանգողները՝ զինյալ խմբավորման անդամները, պահանջներ դեռեւս չեն ներկայացրել: Ավտոբուսի ուղեւոր հայ կանայք, որոնք Թուրքիա էին տարվել, հեռախոսազանգ են ունեցել իրենց հարազատների հետ, և նրանք շարունակում են մնալ Թուրքիայի Քիլիսի նահանգում: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը: Նա նաև տեղեկացրեց, որ հուլիսի 23-ին Հալեպից Բեյրութ մեկնող ավտոբուսի հարձակման հետեւանքով վիրավորված հայերը դուրս են գրվել հիվանդանոցից: «Հալեպում շարունակվում են զինյալ բախումներն ու բնակչության հոծ թաղամասերի վրա ռումբերի տարափը, որոշ թաղամասերում դիպուկահարները շարունակում են անխնա հարվածել անցորդներին»,-նշեց Զարմիկ Պողիկյանը: Նրա հաղորդմամբ` սիրիահայության Շտապ օգնության մարմինը շարունակում է իր աշխատանքները Հալեպում, Դամասկոսում, Լաթաքիայում, Քեսաբում և Ջեզիրեում: «Հալեպի գործադիր մարմինն այս շաբաթվա ընթացքում իր աշխատանքները կենտրոնացրել է վիրավորների այցելության և բժշկական ծախսերի օժանդակության վրա»,-ասաց Զարմիկ Պողիկյանը:

Անցնող ամիսը հալեպահայերի համար բավականին ծանր է եղել և շարունակում է այդպես մնալ: Հունիսի երկրորդ կեսից մինչև հուլիսի կեսերը Հալեպում վիրավորվել է 12 մարդ հանկարծակի նետված ռումբերի և պատահական փամփուշտների հետևանքով: Հալեպի շրջափակումից հետո հիմնական դժվարությունները եղել են անբնական սղաճն ու ապրանքատեսակների ապահովման հարցը: Հալեպում դեղորայքի ապահովման լուրջ դժվարություններ կան:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հալեպահայերը զգալի կոր ուստներ կրեցին. նախ Հալեպից Բեյրութ ուղեւորված ավտոբուսի գնդակոծման հետեւանքով հայ կին զոհվեց, 17 մարդ վիրավորվեց, ապա Հալեպի Նոր գյուղ թաղամասում երեխա խոցվեց պատահական փամփուշտից, իսկ հուլիսի 26-ին զինյալները չորս հայ տղամարդկանց պատանդ վերցրին, հարձակման ենթարկված ավտոբուսի հայ կանայք Երեւան հասնելու փոխարեն հանգրվանեցին թուրքական նահանգի պանդոկներից մեկում: