yerkirmedia.am – Հալեպի հայ համայնքը նոր զոհ է տվել։ Հինգշաբթի՝ հուլիսի 25-ին, Մարիթա Ամիրխանյանը Թիլֆոն Հաուայի շրջանում գտնվող իր տան պատշգամում վիրավորվել է եւ մահացել է։ Այդ մասին հաղորդում է Հալեպի մեր սեփական թղթակից Մարիա Գաբրիելյանը։
Հաշվի առնելով, որ տարեց Մարիթա Ամրիրխյանյանը բնակվում էր միայնակ, միայն երկու օր հետո են ազգականները տեղեկացել դեպքի մասին։ Անհանգստանալով նրա բացակայությունից եւ կոտրելով տան դուռը՝ նրանք գտնել են տարեց հայուհու դին։
Առայժմ անհայտ է. նա վիրավորվել է փամփուշտի՞ց, թե՞ արկի բեկորից։
Մինչ այդ անհայտ է մնում նախօրեին առեւանգված հայ տղամարդկանց ճակատագիրը։ Չորս առեւանգված հայազգիները՝Գարեգին Հացագործյանը, Կարո Պապողլյանը, Նարեկ Վարժապետյանը եւ Սաքո Ասատուրյանը, 25-30 տարեկան են։ Հայտնի է դարձել, որ հարձակման ենթարկված եւս երեք կանայք, ովքեր տեղափոխվել էին Թուրքիայի տարածք, Քիլիս բնակավայր, այժմ հյուրանոցից տեղափաախվել են թուրք մի ընտանիքի տուն։ Նրանց հետ արդեն հաջողվել է կապ հաստատել եւ բոլորը սպասում են նրանց վերադարձին։