kantsasar.com – Երազային Հալէպն իր երազանքն ունի այսօր, ոչ նման սովորական այն անցեալի, ուր եռում էր կեանքն իր շռայլութեամբ, ճոխութեամբ ու զարմացնելու աստիճան անտարբերութեամբ, որը գրգռում էր ուրիշների մոլութեան հասնող ցանկութիւնը նմանակելու ու …
Ոչ երանելի նման հոգեվիճակի վերադարձին սպասող բազում մարդկանց չիրականացող երազանքին աւելացել է մի շատ կարեւոր` ոչ այլ ինչ է եթէ ոչ կարիք «հացի խնդիր»ը:
Գեղարուեստական գրքերի չհանդիպող բազմութիւնը սակայն սկսեց հոլովել այս արտայայտութիւնը դարձնելով այն բարի լոյսին յաջորդող, հարազատացած դարձուածք, որն իր մէջ ներառնում է այժմէական բոլոր տագնապները` անգործ թափառելը, ապաստան չունենալը, նուազագոյն կարիքները հոգալու անկարելիութիւնը, անվտանգութեան բացակայութիւնն ու էլի շա՜տ նման բաներ:
Մոռացութեան է մատնուել կըրկ-նըւած հարցադրումը,- «ո՞րն է մեր մեղքի բաժինը» ու մոլորուած քայլերն սկսել են ուղղուել այնտեղ, որտեղ բարեսիրական օգնութիւն են տալիս մարդկայինը կարեւորող հաստատութիւններ, միութիւններ` զօրավիգ կանգնելով ազգի զաւակներին:
Կայ ժողովրդական մի արտայայտութիւն «ընկերովի մահը հարսանիք է» եւ որքան կ՛ուզէինք բացակայել այդ հարսանիքից` միեւնոյնն է աղէտը բոլորիս է իսկ փոթորկուող ծովի ալիքների վրայ պիտի ծփանք այնքան ժամանակ, մինչեւ մեր հաւաքական աղօթքը հասնի իր հասցէատիրոջն ու ստանանք պատասխան` բարի հանգուցալուծումների:
Նախապատերազմեան շրջանում, երբ մարդն ապրում էր բնական կեանքով` այնքան մարդկային թուացող նրա շարժումներն ու ճոխ սեղանների շուրջ կեանքի փիլիսոփայութիւնն շատ համահունչ էին թւում, որ ոչ մի կասկած չէին յարուցում անձի որակի ու նրա հոգեկերտուածքի շուրջ աւելին` խորին յարգանքով էիր լցւում յարգարժան անձի նկատմամբ: Իսկ մեր փափկասուն տիկնայք ժամանակակից թեմաների շուրջ ծաւալուող զրոյցների շուրջ բացառիկ առաջնայնութիւն ցուցաբերելով` զարմանք էին առաջացնում, երբ անցեալին վերաբերող որեւէ նիւթ ձեւակերպւում էր որպէս յետամնացութեան արդիւնք:
Անցեալը մեր այսօրն է: Եթէ չփորձենք նրա միջից քաղել մարդու համար բոլոր ժամանակներում պատահող դէպքերից դասեր` ուրեմն հարբածի եթերային ժամանակն սպառելու պէս` պիտի արթնանանք, չյիշելով երէկուան պատահածը:
Թէ ինչպէս են մարդիկ դիմակայել արհաւիրքներ` լոկ տխրութիւն արտայայտող թեմաներ չեն, որոնցից ձերբազատուել ցանկացողներն այսօր սեփական վիճակի հետ քայլ պահելու մեծ խնդիր ունենալով` տառապում են ընկճուածութիւն կոչուող հիւանդութեամբ:
Չշեղուելու համար վերադառնամ մեր խնդրին, որը ոչ այնքան հացի չգոյութեան մասին է` որքան անձնային որակների ու ճաշակի բացակայութեան:
Գաղտնիք չէ, որ վերջին շաբաթներն իրենց հետ տարան բազում կեանքեր ու սգացող սրտերն ստիպուեցին իրենց վիշտը մի կողմ թողնելով, ապրել տագնապը շրջափակուած լինելու,որի հետեւանքով քաղաքն սկսեց օր-օրի գունազրկուել թաղերում (մինչեւ իսկ ոտքի տակ ընկնող) բանջարեղէնների կարմրականաչաւուն բացակայութիւնից, իսկ հացի բուրմունքը մնում է յիշողութեան սուր անկիւններում:
Սովանման մի շունչ է ճախրում պատերազմող քաղաքի անհամար զոհերին սգացող երկնակամարում ու անարցունք ամպերի սեւազգեստ թափօրն է շրջում անկարող յուսադրելու:
Սովամահ լինելու ոչ մի վտանգ կայ այնքան ժամանակ, որքան խանութները տակաւին լիքն են ուտեստեղէնի բաւականին մեծ տեսականիով եւ ընդամէնը մի քանի օր հացի տագնապ ստեղծող քաղաքացիների խուճապը հիմք չեն յուսահատութեան:
Կիրակին նման լինելով միւս օրերին թոյլ չտուեց աւելի երկար մնալ առանց այդ էլ անքնութիւնից յոգնած մարմինս ու պարսի բզզոց յիշեցնող ձայնից ցատկեցի անկողնուց ու վազեցի պատշգամբ:
Խուռներամ բազմութիւն վազում էր անորոշ ուղղութեամբ, իսկ թաղի պահակային զինծառայողը փորձում էր մարդկանց անշարժ պահել իրենց տեղերում:
Շփեցի աչքերս ու ծանօթներ նկատեցի ամբոխի մէջ, որը բազմապատկելով մտահոգութիւնս` ստիպեց ինձ ուշադրութեամբ դիտել, մինչ կողքի լայն պողոտայից այս բանակին միացան կանանց մի մեծ խումբ` իւրաքանչիւրի ձեռքին դրամապանակ:
Չկռահելու առիթ չունէի երբ երկու միջին չափի բեռնատար մեքենաներ բեռցուած բանջարեղէնով մտան թաղը: Նորից մի ահագին ձայնի ալիք բարձրացաւ, որը կարծես ուրախութեան բացականչութեան էր նման, սակայն անմիջապէս լռեց, երբ բարձրաստիճան զինուորականը մօտենալով անմիջապէս երկու շարքերի վերածեց ամբոխը` զատելով կանանց` տղամարդկանցից ապահովելով կարգ ու կանոն:
Ոչ մի տարրօրինակ բան կայ նկարագրուածի մէջ երբ մէկ շաբաթէ ի վեր քաղաքի ծայրամասերում թոյլ չեն տալիս խաղաղ բնակիչներին ներս մտցնել անհրաժեշտ սնունդ` տրորելով իրենց աչքի առաջ որպէս պատիժ քաղաքական դաշտում ցուցաբերած չէզոքութեան համար:
Ծերերի ներկայութիւնը որեւէ արգելք չյարուցեց բնականաբար, բացի նրանից, որ մի քանիսն ուշագնաց լինելով հազիւ դուրս բերուեցին խաժամուժի միջից, տեղ բացելով ճարպիկ երիտասարդներին, որոնց արարքներն ուղղակի պատուհաս դարձան իրենց եւ ուրիշների համար:
Խստադէմ զինուորի ուշադրութիւնից շեղուած օրիորդի ճարպիկ արարքն ուղղակի ճակատագրական աւարտ ունեցաւ, երբ հրմշտելով խեղճ ծերուկին յայտնուեց առաջին կարգում ու բանջարեղէնի նախատեսուած չափաբաժինից մէկ անգամ աւելին ունենալով փորձում էր հերթից ինքնագոհ հեռանալ, երբ ամբոխի միջից հայհոյանքներ հասան նրա հասցէին, իսկ աւարտը եղաւ հայկական տարբերակով ծեծկռտուն ու խայտառակութիւնը: Օգնութեան հասնողներ եւս ստացան իրենց բաժինը համտեսն ու …
Ցաւի զգացողութիւն պատեց ինձ` յիշողութիւնս շոյելով «մի կաթիլ մեղր»ն ու յուսահատ մտայ ներս: Ամբողջ օրուայ ընթացքում չկարողանալով գտնել տեղս` խորհում էի անխուսափելի վտանգի մասին եթէ շարունակուի տնտեսական ճգնաժամի ճնշումը մարդկանց արդէն իսկ ճնշուած հոգիներին:
Որքա՜ն կ’ուզէի քաջութիւն ունենալ մօտենալ ամբոխին ու խնդրել յենակով ծերունուն տալ առաջինը շարքում լինելու նախապատուութիւնը ու ինքս դատարկաձեռն վերադառնալ:
Կարծում էի մեր ազգային յատկանիշների առկայութեամբ ու մարդ տեսակի բարձր որակով,պարծենալու հիմքեր ունենք ցաւօք, այսօր մտածելու տեղիք է տալիս ու կասկածի ալիքը տագնապեցնում է միտքս:
Արդեօ՞ք սա միայն հացի խնդիր է …
Մարգարիտ Շամիլեան
26/07/2013